Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու է միավորվելու և յուրայիններին միշտ հիշելու ունակության շնորհիվ, ինչպես նաև այն բանի շնորհիվ, որ քաղաքացիները պաշտպանում են իրենց ունեցած ամենաթանկը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։

«Այսօր մեր կենաց-մահու, Ուկրաինայի, անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը»,- ասել է նա իր տեսաուղերձում։

Նա հիշեցրել է, որ ռուս զինվորականները միայն Լվովի մարզում 30 հրթիռ են արձակել։ Խաղաղության պահպանման և անվտանգության միջազգային կենտրոնի գնդակոծության հետևանքով զոհվել է 35 մարդ, ևս 134 մարդ վիրավորվել է։

Զելենսկին, դիմելով արևմտյան առաջնորդներին, հավելել է.«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:

Ուկրաինայի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։

«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա: Հանդիպում, որը, համոզված եմ, մարդիկ սպասում են: Պարզ է, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարհ... Մեր նպատակն այն է, որ Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք այս բարդ բանակցային աշխատանքում: Դա անհրաժեշտ է մեզ համար, խաղաղության և անվտանգության համար: Որպեսզի մենք երաշխիքներ ունենանք՝ նորմալ, արդյունավետ»,- ասել է Զելենսկին։

«Ուկրաինացիներ, մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- հավելել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն