Տաջիկստանում մեկնարկել են զորավարժություններ՝ 1000-ից ավելի ռուս զինվորականների մասնակցությամբ
201-րդ ռազմաբազայի ավելի քան 1000 ռուս զինծառայողներ սկսել են Տաջիկստանում անօրինական զինված խմբավորումների ոչնչացման զորավարժությունները։ Այս մասին ասվում է ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մարտի 14-ից 18-ը։ Դրանց կմասնակցեն ավելի քան 1000 ռուս զինվորականներ, ներգրավված կլինեն ավելի քան 300 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի ուղղաթիռներ։
Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է նրա սահմաններից դուրս։ Այն գտնվում է երկու քաղաքներում՝ Դուշանբեում և Բոխթարում։ Այն բաղկացած է մոտոհրաձգային, տանկային, հրետանու, հետախուզական, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և կապի ստորաբաժանումներից։
Tert.am