Բլինկեն-Փաշինյան հեռախոսազրույցն ըստ ԱՄՆ Պետդեպի
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել նախօրեին Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ պահպանվող երկկողմ գործակցության կարեւորությունը եւ այն, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավար եւ ծաղկուն ապագայի կերտմանը աջակցելուն։
Նշելով վերջին հաղորդագրությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ էսկալացիայի մասին, Պետքարտուղարը կոչ է արել կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ ակտիվացնել դիվանագիտական գործակցությունը՝ չլուծված բոլոր հարցերի համար համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Պետքարտուղարը կոչ է արել շարունակել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է իր մյուս գործընկերների հետ, շարունակել Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, ներառյալ Բելառուսում Լուկաշենկոյի վարչակարգին պատասխանատվության ենթարկել՝ Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած չարդարացված եւ չհրահրված պատերազմի համար»։
Hraparak.am