Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակում էին ՀՀ նախագահները եւ ԱԳ նախարարները։

Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչո՞վ է տարբերվում նրա գործունեությունը մյուս դեսպանների գործունեությունից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը կատարում է երկրի վարչապետի (նախագահի, ԱԳ նախարարի) տարբեր էպիզոդիկ հանձնարարություններ։ Սա ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, ստատուս է հաղորդում այն զբաղեցնողին` երկրից դուրս այցելությունների ժամանակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանները սովորաբար չեն նստում որեւէ երկրում, չեն ունենում նստավայր, նստում են ԱԳՆ-ում եւ կատարում են պետության ղեկավարության կոնկրետ հանձնարարությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան է նաեւ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ. մարտին։ Նախկինում նման կարգավիճակ են ունեցել Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Լիպարիտյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն