Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է ուժեղացնել խորհրդարանի դերը երկրում և սուպերնախագահականից անցնել նախագահական կառավարման ձևի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ անհրաժեշտ են լավ կշռադատված քայլեր՝ Ղազախստանի զարգացման քաղաքական մոդելը վերակառուցելու համար: Առաջին հերթին, խոսքը սուպերնախագահական կառավարման ձևից ուժեղ խորհրդարանով նախագահական հանրապետությանը վերջնական անցման մասին է»,- ասել է Տոկաևն իր ուղերձում։

«Այսօր մեր երկրում բառացիորեն ամեն ինչ պտտվում է նախագահի շուրջը, և դա սխալ է, մենք պետք է աստիճանաբար հեռանանք այս պրակտիկայից: Պետության երկարաժամկետ շահն ինձ համար ավելի կարևոր է, քան իշխանության որևէ լրացուցիչ լծակ և իրավիճակային ազդեցություն», - ասել է Տոկաևը։

Նախագահը նաև հայտարարել է, որ պետության ղեկավարի հարազատներին կարգելվի բարձր պաշտոններ զբաղեցնել։

«Պետության ղեկավարը պետք է հանդես գա որպես բոլոր քաղաքացիների հավասար հնարավորությունների անսասան երաշխավոր։ Ուստի օրենսդրական արգելք կսահմանվի նախագահի մերձավոր ազգականների համար՝ զբաղեցնելու քաղաքացիական ծառայողների և քվազի-պետական հատվածի ղեկավար պաշտոններ», - հավելել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահն առաջարկել է լիազորությունների ժամկետի ընթացքում օրենսդրորեն դադարեցնել նախագահի անդամակցությունը երկրի իշխող կուսակցությանը:

Նրա խոսքով՝ ՏԻՄ ղեկավարներին և նրանց տեղակալներին պետք է օրենքով արգելվի պաշտոններ զբաղեցնել կուսակցական կառույցներում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն