Ուկրաինա ՆԱՏՕ-ի հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը կարող է քննարկվել Բրյուսելում ՊՆ ղեկավարների հանդիպմանը
Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը չի բացառել, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կարող են քննարկել Ուկրաինա դաշինքի հումանիտար առաքելություն ուղարկելու Լեհաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Լեհաստանի փոխվարչապետ, իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է ՆԱՏՕ-ի կամ ավելի մեծ առաքելություն ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, բայց միաժամանակ այն պետք է պաշտպանվի զինված ուժերի կողմից։
Սակայն Նիդերլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վաղ է խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի առաքելություն ուղարկելու մասին, քանի դեռ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում:
«Շատ դժվար է այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնել, երբ պատերազմ է ընթանում»,- ասել է Նիդերլանդների պաշտպանության նախարարը: Օլոնգրենի խոսքով՝ այդ գաղափարը քննարկելու համար պետք է սպասել ռազմական գործողությունների ավարտին։
Ավելի վաղ դաշինքը բազմիցս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն մտադիր չէ ուղղակիորեն միջամտել հակամարտությանը։
1lurer.am