Դեռևս 2018-ին թուրք-ադրբեջանական տանդեմը Ուկրաինայի հետ եռակողմ նոր հարթակ ստեղծելու շուրջ էր բանակցում, որի  առանցքում տնտեսական, էներգետիկ, քաղաքական հարաբերություններն էին։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը շարունակ պաշտպանող Թուրքիայի և Ադրբեջանի համար եռակողմ այս ձևաչափը նաև աշխարհաքաղաքական ու ռազմական բաղադրիչ ուներ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝  դրա նպատակը  նաև  ՌԴ-ի ազդեցության թուլացումն էր, իսկ Անկարա-Բաքու տանդեմի համար` նաև հակահայկական ռազմավարությունը։

Նոր իրողություններում` ռուս–ուկրաինական  հակամարտության համատեքստում, թուրք-ադրբեջանական տանդեմը  վերադիրքավորվում է։  Արևմտամետ Թուրքիայի կողքին Ադրբեջանը մանևրելու խնդիր ունի, թեև, մեծ իմաստով, չի էլ թաքցնում, որ հակված է դեպի ուկրաինական կողմը` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Եթե սկզբում Թուրքիան և Ադրբեջանը չեզոքություն էին փորձում պահպանել, ապա հիմա գնալով փորձում են սիրաշահել Արևմուտքին։  Թուրքիայի դեպքում սա հասկանալի է, ՆԱՏՕ-ի անդամ այս երկիրը միշտ էլ արևմտամետ է եղել։ Քաղաքական այս գծին մոտ է նաև Ադրբեջանը, որը որոշակի օգնություն է ուղարկում Ուկրաինա։  Անկարան և Բաքուն միանշանակ հակառուսական ճամբարում են»։

Ըստ փորձագետի` գնալով այդ դիրքավորումն ավելի է խորանալու, և թե՛ Արևմուտքը, թե՛ ռուսական կողմն ավելի հստակ դիրքորոշումներ են պահանջելու։ Այսինքն՝ որքան երկար շարունակվի  ռուս- ուկրաինական լարվածությունը, այնքան ավելի դժվար կլինի  չեզոքություն պահպանելը։  Արմեն Մանվելյանը կարծում է, որ, այդուհանդերձ, Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս իրավիճակում հնարավորինս չեզոք լինեն։ Ասում է ՝ պատահական չէ, որ ռուս-ադրբեջանական  ռազմավարական հռչակագիրը հենց պատերազմի  նախօրեին կնքվեց։  Ադրբեջանի համար այն զսպող գործիք է, որպեսզի Բաքուն չփորձի իրավիճակը սրել նաև Արցախյան թևում՝ ասում է վերլուծաբանը։ 

«Ադրբեջանը բավական ագրեսիվ դիրքերից է հանդես գալիս, Արցախի ուղղությամբ ակտիվ գործողություններ է ձեռնարկում` գազամուղն է պայթեցրել,  կրակահերթեր են հնչում։ Սա փաստում է` այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է օգտվել այս իրավիճակից` ճնշում գործադրելով Հայաստանի վրա»։

Արմեն Մանվելյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքական գիծը  հստակ է։ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունում միջնորդի դեր ստանձնելը, նրա գնահատմամբ,  կուժեղացնի Անկարայի դիրքերը։

«Թուրքիան անթաքույց  փորձում է միջնորդի դերակատարություն վերցնել։ Մյուս կողմից՝ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ ռուսական կողմի  նախանշած սցենարի իրականացման` ուկրաինական զգալի տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու դեպքում, կստեղծվի մի իրավիճակ,   երբ հարվածի տակ կլինի ոչ միայն Ուկրաինայի տարածաքային ամբողջականությունը, այլև նույն Թուրքիայի, որը խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ։ Հետևաբար, Անկարայի համար անցանկալի է ռուսական զենքի հաղթանակը Ուկրաինայում , այս ուղղությամբ Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի ռուսական ռազմական մեքենան հնարավորինս շատ խրվի «ուկրաինական ճահճի» մեջ։ Սակայն ռուսական ռազմական մեքենան գործում է, և դրա արդյունավետությունը ստիպում է Թուրքիային առավել համեստ լինել իր քաղաքական նկրտումներում»։

Միջազգային անվտանգության հարցերով փորձագետը, դիտարկելով արևմտյան պատժամիջոցների համատեքստում Ադրբեջանի հնարավորությունները, դրանք որակում է առավել սահմանափակ, մինչդեռ Թուրքիայի դեպքում հնարավորություններն ավելի  մեծ են․ Անկարան, մի կողմից, չի միանում պատժամիջոցներին, մյուս կողմից՝ օգտվում է ռուսական շուկայում իր դիրքերը ամրապնդելու հնարավորությունից։ Թե որքանով  Թուրքիան կկարողանա համոզիչ լինել «խաղաղասերի» իր դերում, ժամանակը ցույց կտա՝ ասում է Մանվելյանը։ Առայժմ հստակ է մեկ բան՝ Թուրքիան և Ադրբեջանը, դիրքավորվելով տարածաշրջանում, փորձում են առավելագույնս օգտվել 2020 թվականի հաղթանակի պտուղներից, իսկ հայկական կողմը, ըստ Արմեն Մանվելյանի, պետք է հնարավորինս ձգձգի բանակցային գործընթացը կողմերի հետ` առնվազն մինչև Ռուսաստան — Արևմուտք ճակատում ռազմական գործողությունների ավարտը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն