Չինաստանը հայտարարել է, որ նախապես տեղյակ չի եղել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, բայց եթե իմանար, կփորձեր կանխել դա։ Այս մասին Washington Post-ի հոդվածում գրել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը։

«Շատ ամերիկացիներ փորձում են հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի Չինաստանը, երբ ծավալվում է ուկրաինական ճգնաժամ, ուստի ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից՝ լիովին բացատրելու և ցրելու ցանկացած թյուրիմացություն և ասեկոսե:

Կան պնդումներ, թե Չինաստանը նախապես տեղյակ է եղել Ռուսաստանի ռազմական գործողությանը և պահանջել է Ռուսաստանից հետաձգել այն մինչև ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտը: Վերջին լուրերը նաև պնդում են, որ Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից: Թույլ տվեք ամենայն պատասխանատվությամբ ասել՝ պնդումներն առ այն, որ Չինաստանը գիտեր, համաձայնվել կամ լռելյայն աջակցել է այս պատերազմին, զուտ ապատեղեկատվություն են: Այս բոլոր պնդումները ծառայում են միայն մեղքը Չինաստանի ուսերին տեղափոխելու և Չինաստանի վրա ցեխ շպրտելու նպատակին:

Չինաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերն է և հում նավթի ու բնական գազի ամենամեծ ներկրողն աշխարհում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի օգուտ չի տալիս Չինաստանին: Եթե Չինաստանը իմանար մոտալուտ ճգնաժամի մասին, մենք ամեն ինչ կփորձեինք այն կանխելու համար»,-գրել է դեսպանը։

Չինացի դիվանագետը նաև նշել է, որ պետք է հարգել բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումն օբյեկտիվ և անաչառ է. անհրաժեշտ է լիովին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև հարգել բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Ցին Գանգը։

Միաժամանակ դեսպանը հորդորել է չկապել Թայվանն ու Ուկրաինան։

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է»,- ասել է Ցին Գանգը։

Նա նշել է, որ Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին և պատրաստ է անել այն, ինչ իրուժերի սահմաններում է։ Դեսպանն ընդգծել է, որ Չինաստանի վերջնական նպատակը պատերազմի ավարտն ու տարածաշրջանային ու համաշխարհային կայունության պահպանումն է։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ