Ուզբեկստանը հրաժարվել է ճանաչել ԴԺՀ և ԼԺՀ անկախությունը
Ուզբեկստանը հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին և կհրաժարվի ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կամիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով, Տաշքենդը ավանդաբար լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, սակայն արտաքին քաղաքականությունը կկառուցի սեփական, այլ ոչ թե ուրիշի ազգային շահերի հիման վրա։
Միաժամանակ նա վստահեցրել է, որ Ուզբեկստանն անհանգստացած է Ուկրաինայում ռազմական բախումներով, և կոչ է արել հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Tert.am