Նորերին ընդունում են, հներին՝ խորհրդական նշանակում․ ինչպես համայնքային բյուջեից մսխել 6 մլն դրամ
Կային ժամանակներ, երբ ներկայիս իշխանությունները ընդդիմություն էին և իրավացիորեն քննադատում էին գործող իշխանություններին՝ բազմաթիվ սխալների ու թերությունների համար: Դրանցից մեկն էլ համայնքային բյուջեների անարդյունավետ բաշխումն ու մսխումն էր, որը պետք է լուծում ստանար համայնքների խոշորացման և քաղաքական վերափոխումների արդյունքում: Բացառություն չէր նաև Իջևան համայնքը, որտեղ տարիներ ի վեր գործում է բյուջեի մսխման շատ հետաքրքիր և օրենքի հետ խնդիրներ չառաջացնող մի մեխանիզմ։ Այն է` կենսաթոշակի տարիքի հասած աշխատակիցները փոխանակ վաստակած հանգստի անցնելու և իրենց տեղը նոր, երիտասարդկադրերին զիջելու մնում են և շարունակում են աշխատել, որը կատարվում է օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Իսկ այլ անձանց համար նոր հայեցողական հաստիքներ են բացվում, որտեղ աշխատանքի են անցնում նոր կադրերը` հավելյալ բեռ ավելացնելով առանց այդ էլ սուղ բյուջի վրա:
Իջևանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի նախկին պետը, օրինակ, թոշակի անցնելուց հետո շարունակում է աշխատել համայնքի ղեկավարի ֆինանսական հարցերով խորհրդական` տարեկան ստանալով 3 մլն 600 հազար դրամ աշխատավարձ:
Եւ ոչ ոք չի հետաքրքրվում, թե Իջևանի համայնքապետի ինչին է պետք ֆինանսական հարցերով խորհրդականը, երբ համայնքն ունի ֆինանսական բաժին, բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ և 25 տարբեր կարգի մասնագետներ: Համայնքի խոշորացումից հետո այս արատավոր ավանդույթին փոխանակ վերջ դնելու, այն շարունակում են կիրառել նաև համայնքային նոր իշխանությունները:
Վերջերս աշխատանքից ազատվել է համայնքապետարանի աշխատակազմի թոշակառու քարտուղարը, ում փոխարեն աշխատանքի է անցել աշխատակազմի նոր քարտուղար: Սակայն կրկին տեղի է ունեցել հրաշք և, չգիտես որ կարիքից ելնելով, ստեղծվել է ինչ-որ փորձագետի հաստիք՝ տարեկան 3 միլիոն դրամ աշխատավարձով, որտեղ աշխատանքի է անցել համայնքապետարանի արդեն նախկին աշխատակազմի քարտուղարը: Այսպիսով միայն երկու հաստիքի վրա համայնքային բյուջեից տարեկան մսխվում է 6 մլն 600 հազար դրամ:
Համեմատության համար արժե նշել, որ Իջևանի համայնքապետարանը 2022թ համար հաստատված բյուջեով արտաքին գովազդից տուրքերի մասով լավագույն դեպքում պլանավորում է հավաքագրել տարեկան շուրջ 5 միլիոն դրամ: Ստացվում է, որ պետությունը համայնքային բյուջեն լցնելու ու արդյունք ստանալու ենթադրությամբ գործառույթ է փոխանցել համայնքին, որը սակայն հեշտությամբ մսխվում է `ընդամենը 2 ավելորդ հաստիք ստեղծելով:
Պարզվում է` պատասխանատու պաշտոնյաները այս գործելաոճի վերաբերյալ ունեն սեփական արդարացումը: Նրանք մասնավոր զրույցներում բողոքում են, որ հները չնայած պատկառելի տարիքին գլուխ են հանում փաստաթղթաշրջանառությունից, իսկ նորերն աչքի են ընկնում միայն դիլետանտությամբ եւ իրենք վախենում են, որ հներին տուն ուղարկելով, կաթվածահար կանեն համայնքապետարանի բնականոն աշխատանքը:
Այս և այլ իրողություններից ելնելով` կարելի է եզրակացնել, որ ՏԻՄ համակարգում առաջիկայում անիմաստ է որևէ դրական փոփոխությունների սպասելը, որովհետև կառավարման ձևն ու տրամաբանությունը տրանսֆորմացնելու-օպտիմալացնելու փոխարեն տրանսֆորմացիայի՝ դեֆորմացիայի է ենթարկվել:
Hraparak.am