ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԻԵՎԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ. ԶԵԼԵՆՍԿԻ

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին հերթական ուղերձի ընթացքում նշել է, որ բանակցություններից Կիևի ակնկալիքներն ու առաջնահերթությունները չեն փոխվել: Զելենսկին հիշեցրել է՝ պատերազմի ավարտ, անվտանգության երաշխիքներ, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության վերականգնում: Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ բանակցողները քննարկում են Ուկրաինայի այնպիսի կարգավիճակը, որը նման է Ավստրիայի կամ Շվեդիայի կարգավիճակին. երկուսն էլ Եվրամիության անդամ են, բայց ՆԱՏՕ-ի մեջ չեն մտնում: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կարող է ընդունել անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք չեն ենթադրում ՆԱՏՕ-ին անդամակցություն: Մինչ ռազմական հատուկ գործողության մեկնարկն այս դրույթը Ռուսաստանի գլխավոր պահանջներից մեկն էր:

ՊԵՍԿՈՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»: «Անթույլատրելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի կողմից, որի ռումբերից հարյուրհազարավոր մարդիկ են զոհվել ողջ աշխարհում»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն Կիևին կփոխանցի 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն, այդ թվում՝ զենիթային հրթիռային համալիրներ և հակատանկային համակարգեր` հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բայդենի վարչակազմը նախորդ շաբաթ կարգադրել էր 200 մլն դոլար հատկացնել՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար: Ընթացիկ զարգացումների ֆոնին ԱՄՆ նահագահը, սակայն, որոշում է կայացրել ավելացնել այդ գումարը՝ հասցնելով 1 միլիարդի։

Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ավելի մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության 800 համակարգ, 9 հազար հակատանկային համակարգեր, 7 հազար միավոր հրաձգային զենք և 20 մլն տարբեր ռազմամթերք, ինչպես նաև մարտավարական անօդաչու թռչող սարքեր:

ՆԱՏՕ-Ն ՄՈՏ 140000 ԶԻՆՎՈՐ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ 140 հազար զինվոր է տեղակայել Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ զինված ուժերը գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ ուժերին աջակցություն են ցուցաբերում խոշոր ավիացիոն և ծովային ուժերը, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր: Ավելի վաղ Ստոլտենբերգը նախազգուշացրել էր ռուսական կողմին, որ դաշինքը պատրաստ է պաշտպանելու իր անդամ երկրների ամեն մի դյույմը:

ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՌԴ-Ի ԴԵՄ ԿԻԵՎԻ ԴԻՄՈՒՄԸ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պահանջել է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական ներխուժումը Ուկրաինա: Դատարանի որոշումը հրապարակվել է երեկ: Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ռուսաստանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Կիևի դիմումը: Ուկրաինական կողմը Հաագայի դատարան է դիմել երկու շաբաթ առաջ՝ դիմումում նշելով, որ Ռուսաստանն ապօրինի կերպով արդարացնում է Ուկրաինա իր ներխուժումը Դոնեցկում և Լուգանսկում ռուսախոս բնակչության ցեղասպանության մասին կեղծ պնդումներով:

Ռուսական կողմի ներկայացուցիչները «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» գործով դատական լսումներին չեն մասնակցել:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն