Զախարովան անդրադարձել է Ռուսաստանի հատուկ գործողության ավարտի ժամկետներին
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը կախված է պաշտոնական Կիևից:
Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով, կողմերը քննարկում են ռազմական, քաղաքական և հումանիտար հարցեր: Ռուսաստանի պահանջները, ընդգծել է Զախարովան, չափազանց պարզ են. դրանք բխում են հատուկ գործողության նպատակներից և խնդիրներից:
«Մենք հուսով ենք, որ Կիևը կգիտակցի խնդրի խաղաղ լուծման անխուսափելիությունն ու Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման, այն չեզոք պետություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկրի և ողջ Եվրոպայի բնակչության: Կիևում որքան շուտ դա գիտակցեն, այնքան արագ կավարտվի հատուկ ռազմական գործողությունը»,- հայտարարել է Զախարովան։
1lurer.am