Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը, տեղեկացրել ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին՝ հայտնել են Կրեմլից:
Նշվում է, որ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման տրամադրվածություն են հայտնել, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:
Նախագահները դրական են գնահատել Անթալիայում և Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարների վերջին բանակցությունների արդյունքները:
Թուրքիայի նախագահի գրասենյակից էլ տեղեկացրել են, որ Էրդողանը Պուտինին կրկին առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել Անկարայում կամ Ստամբուլում:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարան պատրաստ է կազմակերպելու Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Նրա խոսքով՝ Մոսկվան չի առարկում Կիևի այն առաջարկին, որ նրա անվտանգության երաշխավորներից մեկը դառնա Թուրքիան։
1lurer.am