Գյումրիի անշարժ գույքի շուկայում նկատվում է փոփոխությունների դինամիկ շարժ։ Այն էականորեն տարբերվում է 5-6 տարի առաջվա ցուցանիշներից, իսկ համեմատ անցած տարվա՝ տարբերությունը շեշտակի է։ Գյումրիում 1 տարում բնակարանների  գներն աճել են միջինը 23,6%-ով, այն նույնիսկ Երևանի համեմատ 2 անգամ բարձր է համարվում։ Սա միայն Գյումրիի հանդեպ հետաքրքրություններով չի պայմանավորված, որոշակի ազդող գործոն են դիտարկվում նաև նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադարձությունները:

Մասնագետի վերլուծությունները անշարժ գույքի շուկայում վերջին շրջանում նոր պատկեր են արձանագրել, Հայաստանում մեծացել է կապիտալ ներդրումների հոսքը, որն էլ իր ազդեցությունն ունենում է շուկայի վրա։ Գյումրիում, այն առավել ընդգծված է:

«Ստատիստիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ասենք 1 տարվա կտրվածքով, անցած տարի և հիմա 23,6 տոկոս միջին հաշվով Գյումրիում բնակարանների գների աճ է տեղի ունեցել, բնականաբար էդ աճը հավասարաչափ չէ»,- նշում է Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ ՍՊԸ գնահատող Արարատ Պապոյանը։

Բնակարանային շուկայի ուսումնասիրություներով, Գյումրիում գներն օրական են փոփոխվում։ Գնային  շեշտակի փոփոխություն, ըստ մասնագետների, հազվադեպ է գրանցվել, բայց ոչ մի անգամ չի հասել տարեկան 23,6 տոկոսի:

«Սովորաբար 1-3 տոկոսների սահմաններում է ընդունված փոփոխություններն աշխարհում, իսկ 5 տոկոսից մեծ փոփոխությունները խոսում են այն մասին, որ էական փոփոխություն կա տնտեսության մեջ, քաղաքային միջավայրում։ Մենակ դրանց ազդեցությամբ է հնարավոր նմանատիպ փոփոխություները»,- ասում է Արարատ Պապոյանը։

Քաղաքային միջավայրում գրանցվող փոփոխությունների արդյունքում է, որ Գյումրիում առաջին անգամ փորձ է արվում բնակարանաշինությունը որպես բիզնեսի նոր տեսակ ներդնել։ Առաջիկայում Գյումրիում մասնավորի կողմից բազմաբնակարան 2 շենքերի կառուցմամբ էլիտար բնակելի թաղամաս կձևավորվի։  Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, ներդրումային առաջարկները շատ են, ուղղությունները՝ տարբեր։ Հայտերի շարքում շատ են Գյումրիում հյուրանոցային կամ սպասարկման օբյեկտներ կառուցելու առաջարկները, դրանցում անգամ բժշկական կլինիկաներ հիմնելու պլաններ կան։

Մեծամասամբ դիմում են Գյումրիի հին պատմական միջուկի շինությունները վերականգնելու առաջարկով։ Իսկ Սլաբոտկա թաղամասում մի քանի փողոցների վերականգնման ուղղված ծրագրերը կարող են ազդակ դառնալ հին տների վերականգնման։

«Շատ արագ զգացվում է էդ փողոցի վրա գտնվող տների հարակից տարածքները և տները, որպես եկամուտ բերող օբյեկտ դիտելու միտումը։ Դրսից շատ մեծ հետաքրքրքություն կա նման տների ձեռքբերման ուղղությամբ։ Զարմանալին էլ այն է, որ նման տների գները մրցունակ են դառնում եվրոպական մի շարք երկրների տների գների հետ»,- նշում է մասնագետը։

Արարատ Պապոյանը մի նոր միտում էլ է նկատում Գյումրիում։ Եթե նախկինում վթարային կամ վատ վիճակում գտնվող տները վերանորոգում էին և դարձնում բնակության համար պիտանի, հիմա հին բնակֆոնդի տները մասնավորը ձեռք է բերում քանդելու և որպես տարածք օգտագործելու համար։ Ամեն դեպքում, բոլոր առաջարկները Գյումրիի քաղաքապետարանում են քննարկումների փուլն անցնում։ Այժմ, ներդրումների համար ստեղծված բարենպաստ միջավայրից օգտվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ներդրողները։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն