Ի՞նչ անենք, դուռը շրխկացնենք, դուրս գա՞նք սենյակից,մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբում․ Արման Եղոյան
Ադրբեջանը բանակցությունները սկսելու համար ներկայացրել է իր համար ընդունելի առաջարկները, առանց իմ ասելու էլ պարզ է, որ մենք էլ մեր առաջարկներն ենք ներկայացնելու, շատ տարօրինակ կլինի գնալ բանակցությունների առանց առաջարկի և քննարկել իրենց առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Անդրադառնալով իր հնչեցած հայտարարությանը այն մասին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Եղոյանը նշեց, որ դա ոչ թե տեսակետ է, այլ պարզ տրամաբանություն։
«Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, ես նորություն չեմ ասել և հայտնագործություն չեմ արել։ Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ միջուկային համաշխարհային տերությունները ունենում են առանձին խոսակցություն»,- նշեց Եղոյանը։
Հարցին՝ եթե Ադրբեջանը բանակցությունների սեղանին նստի այն օրակարգով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ո՞րն էլ լինելու հայկական կողմի դիրոքորոշումը, Եղոյանը նշեց․
«Ըստ Ձեզ՝ դրան ի՞նչ պետք է հետևի, դուռը շրխկացնենք, դուրս գա՞նք սենյակից, մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության առաջարկած 3 հիմնական սկզբուքնների շրջանակում»։
Եղոյանը նշեց, որ կարմիր գծերը ձևավորվում են բանակցությունների սեղանի շուրջ։
Tert.am