«Հրապարակ». Գրիգոր Մինասյանը շփոթվեց մեր հարցից
Արդարադատության փոխնախարար, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Մինասյանը, ով 4 տարի առաջ Տարոն Մարգարյանի հետ մասնակցում էր Երեւանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավին եւ կոչ անում ընտրել ՀՀԿ-ին, ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մարգարյանի մրցակից Նիկոլ Փաշինյանի մասին մի միտք էր արտահայտել․
«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել եւ հետաքրքիր շոուներ կազմակերպել»։
Երեկ մի միջոցառման շրջանակներում հանդիպելով Փաշինյանին ժամանակին շոումեն անվանած Գրիգոր Մինասյանին, հարցրինք․
«Պարոն Մինասյան, ի՞նչ եք կարծում, մարդ, որը նախկինում նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել, այսօր ինչպե՞ս է երկիր ղեկավարում»։
Մեր հարցից փոխնախարար Մինասյանն անակնկալի եկավ, շփոթվեց, չիմացավ՝ ինչ պատասխանի։ Այդ պահին նրան օգնության հասան նրա օգնականները, որոնք հիշեցրին, որ քննարկումն սկսվում է, եւ Մինասյանին «փախցրին» տարան։ Գրիգոր Մինասյանի շփոթմունքը հասկանալ կարելի է, իհարկե, ի՞նչ իմանար այն ժամանակ, որ այդ՝ «համատիրություն անգամ չղեկավարած» անձի ձեռքից ինքը փոխնախարարի պաշտոն է ստանալու եւ նրա թիմի մաս է կազմելու։
Hraparak.am