Նորվեգիան հրաժարվում է վառելիքով լիցքավորել ռուսաստանցի օլիգարխի զբոսանավը նրա՝ Պուտինի մերձավորը լինելու պատճառով
Ռուսաստանցի օլիգարխ Վլադիմիր Ստրժալկովսկիին պատկանող շքեղ զբոսանավը ներկայում արգելափակված է մնացել նորվեգական նավահանգստում, քանի որ տեղացիները հրաժարվում են փոխադրամիջոցի լիցքավորման համար վառելիք վաճառել:
Ինչպես գրում է The Guardian-ը, Ragnar կոչվող զբոսանավը գտնվում է Նարվիկ նավահանգստում, քանի որ վառելիքի նորվեգացի մատակարարները դրա անձնակազմին ասել են, որ վառելիք չեն վաճառի՝ զբոսանավի սեփականատիրոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի պատճառով:
Նավապետ Ռոբ Լանկեսթերը, որը բրիտանացի նախկին թագավորական ծովային է, մեղադրել է Նորվեգիայի իշխանություններին խտրականության համար՝ ասելով, որ զբոսանավի տերը պատժամիջոցների ցանկում չէ, և որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա 15 հոգանոց անձնակազմը ռուս չեն: Նա հավելել է, որ զբոսանավը գրանցված է Մալթայում, նավարկում է Մալթայի դրոշի ներքո։
«Բայց մեզ ոչ ոք չի լսում: Մենք պարզապես ցանկանում ենք տուն վերադառնալ», - ասել է նա:
Նավապետը Նորվեգիային մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու համար՝ հայտարարելով, որ ռուսական ձկնորսական նավակները, որոնք, ըստ նրա, ապահովում են Հյուսիսային Նորվեգիայի տնտեսության 20%-ի եկամուտը, «ներկայում կարող են վառելիք գնել և անխոչընդոտ գործել Նորվեգիայի նավահանգիստներում և տարածքային ջրերում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Tert.am