ՔՊ-ն փաստացի գնում է դեպի ՆԱՏՕ, դեպի Թուրքիա
Ի՞նչ է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը։ Չհայտարարված պատերազմ է, որի ժամանակ ընթանում են ռազմական գործողություննե՞ր, թե սա գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձություն է, ի՞նչ է սա ի վերջո։ Ես կարծում եմ, որ սա չարի ու բարու պայքար է, սա նորմալ, սովորական մարդկանց պայքարն է ընդդեմ ֆաշիզմի։ Այս մասին քիչ առաջ «Ռուսաստան –Արևմուտք հակամարտության» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
«Լսելով չէ, որ մեր ազգը պիտի խոսի ֆաշիզմից։ Մեր ազգը իր սեփական ազգի վրա զգացել է՝ ինչ է դա։ Ֆաշիզմն ու ազգայնականությունը երբեք չեն կարող նմանվել, բնականաբար երբեք չեն կարող լինել նույնը։ Տեսնելով այս հակամարտությունը՝ մենք գտնում ենք, որ այո, Հայաստանը ի վերջո պիտի որոշի՝ նոր աշխարհակարգում մեր տեղը որտեղ է լինելու։ Պիտի որոշի, որովհետև մենք ապրում էինք մի աշխարհում փետրվարի 24-ից առաջ, հիմա ապրում ենք լրիվ մի այլ աշխարհում։ Այսօր որևէ մեկը չի կարող խաղեր տալով, սրա-նրա գիրկը թռնելով քաղաքական օրակարգ ձևավորել։ Այսօր մեր ռազմավարական թիվ 1 դաշնակիցը փաստացի գտնվում է պատերազմի մեջ, բայց մեր կապիտուլյանտ իշխանությունները մեկ Մակրոնի հետ են գնում հանդիպում Փարիզում ու հայտնի էլ չէ՝ ինչ են խոսում, մեկ մեր արտգործնախարարն է գնում ՆԱՏՕ-ի քարտուղարի առաջին տեղակալի հետ հանդիպում։ Սա դուք հասկանու՞մ եք՝ սա ինչ է ։
Սա շատերի համար գուցե առանձնապես նշանակություն չունի, բայց մենք շատ լավ հասկանում ենք՝ սա ինչ է։ Մենք պիտի մարդկանց բացատրենք՝ ինչ է կատարվում իրականում։ Այսօրվա իշխանությունները եթե նույնիսկ նույն իրենց կողմնակիցներին բացահայտ ասեն, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն Ռուսաստանի հանդեպ, իրենց կողմնակիցների 80-90 տոկոսը ուղղակի մեկ ժամում իրենց կլքեն։ Զուտ այնպես են այս իշխանությունները իրենց հիմա պահում, թե իրենց որևէ խնդիր չունեն, ամեն ինչ նորմալ է, լավ է, սակայն ոչ մի բան նորմալ չէ, Հայաստանը կանգնած է լուրջ վտանգների առաջ՝ լինել-չլինելու։ ՔՊ-ն փաստացի ձեզ, նկատի ունեմ ՔՊ կողմանկիցներին, տանում է դեպի ՆԱՏՕ, Թուրքիա, իսկ կանք մենք, որոնք առաջարկում են գնալ դեպի Ռուսաստան»,- ասաց նա։