ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ։ Այն բոլոր դեպքերում, երբ այդ մարդիկ, անկախ ընկերության կամ բիզնես գոծունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով ՔՊ-ի նախընտրական ցուցակում գործարարներ ներառելու վերաբերյալ հարցին։

«Եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով գոյություն ունի նման դեպքերի համար, այլև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ մանդատից զրկելը», - ասաց Մակունցը՝ նշելով, թե պետք է հետևել օրենքի տառին։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակով պայմանավորված արտահերթ ընտրություններ կայանալ-չկայանալուն, Լիլիթ Մակունցն ասաց, թե այս պահին որևէ քննարկում չկա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։

«Հուսանք՝ նման առիթ չի լինի և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման վիճակ չլինի և ընտրությունները տեղի ունենան», - ասաց Մակունցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն