Ուկրաինան մերժել է ՌԴ-ի վերջնագիրը, Կիևում հրդեհից կան զոհեր․ վերջին լուրերն Ուկրաինայից
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 26-րդ օրն է։ Ռազմական գործողությունների ամենաթեժ կետը շարունակում է մնալ Մարիուպոլ քաղաքը, որտեղ օրեր շարունակ ինտենսիվ մարտեր են ընթանում։ Քաղաքն Ազովի ծովում Ուկրաինայի կարևորագույն նավահանգիստն է, երկրի մետալուրգիական կենտրոնը։ Ըստ փորձագետների՝ Մարիուպոլի գրավումից հետո միջանցք կբացվի մինչև Խերսոն, բացի այդ, մեծաթիվ ուժեր կկարողանան առաջ շարժվել դեպի Ուկրաինայի հյուսիս։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջնագիր էր ներկայացրել քաղաքը պաշտպանող ուժերին։ Մարտի 21-ին առավոտյան ժամը 10-12-ը Մարիուպոլում գտնվող բոլոր զինվորականներին առաջարկվել էր զենքերը վայր դնել և դուրս գալ քաղաքից, որից հետո կսկսվեր խաղաղ բնակիչների տարհանումը։ Սակայն Կիևը մերժել է վերջնագիրը։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Մարիուպոլում գտնվող ուկրաինական ուժերը զենքերը վայր չեն դնի և չեն լքի քաղաքը։
Վերեշչուկը նաև հայտարարել է, որ մարտի 20-ին հումանիտար միջանցքներով Մարիուպոլից դուրս է բերվել գրեթե 4000 խաղաղ բնակիչ։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ 3 օրում Մարիուպոլից Ռուսաստան է տարհանվել գրեթե 60 հազար մարդ, այդ թվում՝ 139 օտարերկրացի։ Մարիուպոլում մնում է մինչև 130 հազար բնակիչ։
Ռազմական գործողությունները շարունակվում են Ուկրաինայի այլ հատվածներում ևս։ Գիշերը Կիևում օդային տագնապի ազդանշան է հնչել։ Ըստ Ուկրաինայի պետական լրատվական գործակալության՝ մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկում գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել, որից 4 մարդ է մահացել։
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։
Ռազմական գործողությունների վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պատշպանական գերատեսչությունները։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ ռուսական ուժերը մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների։ Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցն ուղեկցվել է ռազմական գործողությունների կադրերով։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը լիակատար վերահսկողության տակ է առել Ստեպնոյե բնակավայրը։ Նովոսյոլովկա Վտորայա ուղղությամբ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները 3 կմ խորությամբ առաջ են գնացել։ Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի կողմից խոցվել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 3 հրամանատարական կետ, համազարկային կրակի 1 ռեակտիվ համակարգ, հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ և վառելիքի 1 պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կուտակման 52 վայր», – ասել է Կոնաշենկովը։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական ուժերը սկսել են ավելի քիչ օգտագործել օդաչուի կողմից կառավարվող ինքնաթիռներ։
«Հրթիռակոծությունների և ռմբակոծությունների արդյունավետությունը գնահատելու համար հակառակորդը կիրառել է օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 7 օդային թիրախ՝ 1 ինքնաթիռ, 4 անօդաչու թռչող սարք և 2 թևավոր հրթիռ: Ռմբակոծիչ և գրոհային ավիացիան ջախջախիչ հարվածներ է հասցրել հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներին», – ասել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչը։
Shantnews.am