Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։

Կողմերն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների կատարման ընթացքին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցին։ Լավրովը և Բայրամովը քննարկել են «3+3» տարածաշրջանային տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի հետագա աշխատանքները։ Երկու երկրի ԱԳ ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

Չինաստանի հարավում կարծանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը: Այն ուղևորվում էր Կունմինից Գուանչժոու: Տեղեկությունը հաստատել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ։ Վթարի հետևանքով լեռներում բռնկված հրդեհը մարվել է։ Զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան։

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Boeing-ի կործանման պատճառը կարող է լինել շարժիչի խափանումը։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը։ Դիտարկվում է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հայտը։

«Հնարավորինս արագ պետք է լուծենք այս հարցը։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ կդիտարկվի Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻՑ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիային կոչ է արել հրաժարվել ռուսական էներգակիրներից, փակել նավահանգիստները ռուսական նավերի համար և ապրանքներ չմատակարարել Ռուսաստան։

«Եվրոպան մեծ կարևորություն ունի, առանց ձեզ հետ առևտրի, առանց ձեր ընկերությունների և բանկերի Ռուսաստանը փող չի ունենա»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած էր հայտնել, թե հաջորդ ձմռանը հնարավոր կլինի երկիրը գազով ապահովել:

Պաշտոնյան նշել էր, որ Բեռլինը պետք է նվազեցնի էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածությունը: Ռուսաստանը դեռևս շարունակում է ածուխ, նավթ և գազ մատակաարել Գերմանիա։

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ. ՊԵՍԿՈՎ

Ռուսական նավթի մատակարարումների հանդեպ էմբարգո սահմանելու՝ Եվրամիության որոշումը, Կրեմլի կարծիքով, լրջորեն կազդի համաշխարհային շուկայի և Եվրոպայում էներգետիկ հավասարակշռության վրա։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բացասաբար կարձագանքի, եթե ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկը փորձի միջամտել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքին։

Պաշտոնյան անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել՝ բավարար առաջընթաց դեռևս չկա։ Պեսկովի խոսքով՝ռուսական կողմն արագ և բովանդակալից աշխատելու շատ ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, քան ուկրաինական կողմը։ «Իսկ ՌԴ և Ուկրաինայի նախագահների միջև քննարկումներ դեռ նախատեսված չեն, արձանագրելու ոչինչ չկա, ռուս-ուկրաինական բանակցություններում դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- եզրափակել է ՌԴ նախագահի խոսնակը։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է, և անհրաժեշտ է օգտագործել Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ցանկացած ձևաչափ և հնարավորություն:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել մարտի 26-ից ևս 30 օրով երկրում ռազմական դրության ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ օրինագիծ։ Կիևի մարզում էլ այսօր 22։00-ից մինչև չորեքշաբթի 9։00 կրկին պարետային ժամ է սահմանվում։

Ուկրաինայում հումանիտար միջանցքները շարունակում են աշխատել։ Նախօրեին տարհանվել է ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ։ Մասնավորապես, Մարիուպոլից՝ շուրջ 4000 մարդ՝ հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Ռուսական կողմն էլ հայտարարել է մարտի 21-ին Մարիուպոլից արևելյան և արևմտյան ուղղություններով մարդասիրական միջանցքներ բացելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ Մարիուպոլից Ռուսաստան է տարհանվել արդեն ավելի քան 59,000 մարդ։

«Ռուսաստանի զինված ուժերը կոչ են անում ազգայնականներին վայր դնել զենքը և Մարիուպոլից անցնել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Կիևը պատասխանել է՝ ուկրաինական բանակը զենքը վայր չի դնի և չի հեռանա քաղաքից։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն