Մոսկվայի դատարանն արգելել է Facebook-ը և Instagram-ը ծայրահեղականության պատճառով
Մոսկվայի Տվերսկոյի դատարանը Ռուսաստանում արգելել է Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքը ծայրահեղականության պատճառով։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նիստերի դահլիճից հայտնել է գործակալության թղթակիցը։
Ընդգծվում է, որ որոշումը պետք է անհապաղ կատարվի։
Ծառայությունների սեփականատեր Meta ընկերությունը ծայրահեղական ճանաչելու մասին հայցը ներկայացրել էր գլխավոր դատախազությունը։ Վերահսկող մարմինը բացատրել է, որ իրենք մտադիր են պաշտպանել ռուսներին իրենց իրավունքների հետագա խախտումներից։ Այսպես, Instagram-ն անտեսել է ավելի քան 4500 պահանջ՝ ջնջելու Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողության մասին կեղծիքները և չարտոնված հանրահավաքների կոչերը: Ըստ դատախազների՝ ծայրահեղական տեղեկատվությունը սպառնում է ինչպես անհատներին, այնպես էլ ամբողջ հասարակությանը, իսկ ընկերությունը խախտել է իր սեփական կանոնները՝ թույլ տալով հրապարակել ռուս զինվորականներին սպանելու մասին կոչերը։
Ընդգծվում է, որ դատարանի որոշումը չի տարածվում WhatsApp մեսենջերի վրա, որը նույնպես պատկանում է Meta-ին։
Բացի այդ, ընկերության ծառայություններից օգտվելու համար տույժեր չկան։
Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է Meta-ի ներկայացուցիչը, ռուս օգտատերերը որպես հաղորդակցության հարթակներ ապավինում են Facebook-ին և Instagram-ին։ Նա ընդգծել է, որ իշխանությունների բողոքի պատճառ դարձած տեղեկատվությունը ընդհանուր հոսքի չնչին մասն է, և ընկերությունն արդեն տուգանքներ է վճարել խախտումների համար։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ծավալումից հետո Meta-ն Facebook-ի և Instagram-ի համար ժամանակավորապես հանել է ռուս զինվորականների դեմ բռնության կոչերը։ Ըստ ընկերության փոխնախագահի՝ նոր կանոնները կգործեն միայն Ուկրաինայում։
Գործակալությունը հավելում է, որ Ռոսկոմնադզորը օրեր առաջ Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Facebook-ի և Instagram-ի հասանելիությունը ռուսական ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների զանգվածային խտրականության համար։
Shantnews.am