Երկու ինտերնացիոնալներն Ուկրաինայում
Ռուս-ուկրաինական պատերազմում երկու կողմերն էլ միմյանց անվանում են ֆաշիստներ ու նացիստներ, երկու կողմն էլ օգտագործում է անցած մեծ պատերազմի կաղապարները պատմությունից ծանոթ ու հիշողության մեջ մնացած էմոցիաները օգտագործելու համար: Երկու կողմում էլ ինտերնացիոնալ բանակներ են պատերազմում:
Ուկրաինական կողմում կան չեչեններ, առհասարակ կովկասցիներ, հրեաներ, Արևելյան ու Արևմտյան եվրոպայի ներկայացուցիչներ՝ աջեր, ձախեր, մարդու իրավունքի պաշտպաններ, գեյեր, արաբական աշխարհի իսլամիստներ ու հակաիսլամիստներ, ռասիստներ ու հակառասիստներ, նացիստներ ու հականացիստներ, կանաչներ, կապույտներ, կարմիրներ, տրոցկիստներ, մաոիստներ, գլոբալիստներ ...: Ցուցակը կարելի է շորունակել:
Ռուսական կողմում նույնպես կան չեչեններ, առհասարակ կովկասցիներ, տապալված կայսրության կողմնակիցներ ու հակառակորդներ, էլի ռասիստներ ու հականացիստներ, իսլամիստներ, հակաիսլամիստներ և այլն, այստեղ էլ է կարելի ցուցակը շարունակել:
Ինֆորմացիոն պատերազմի գլխավոր դերակատարների կազմը ցուցադրում է ողջ աբսուրդը: Ռուսական կողմի ինֆորմացիոն պատերազմի հիմնական ոգեշնչողները հրեաներն են, նրանց զիջում են հայերը, հետո ուկրաինացիները ու վերջում, ամենամեղմ դիրքորոշումն ունեն հենց ռուսները:
Ուկրաինական կողմից ինֆորմացիոն պատերազմին, հակառուսության ողջ ներկապնակով, գործում են հրեաները, հետո ռուսները, վրացիները և ավելի համեստ դերում են հենց ուկրաինացիները:
Յուրաքանչյուր կողմում կռվում են մարդիկ, որոնց գլխներում կան ուրույն պատկերացումներ ու նպատակներ, որոնք ոչ մի հատում չունեն նույն խրամատում գտնվող զինակցի գլխի պարունակության հետ: Ու շուրջը Ուկրինայի բնակչությունն է, պատսպարված նկուղներում, կամ անհայտության ուղին բռնած:
Սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ աշխարհը կորցրել է ազգայից, ռասայական, սոցիալական, գաղափարական կողմնորոշիչները: Սա պատերազմ է առանց նպատակների, առանց պատկերացումների: Բաժանարար գծերն անցնում են ռուսների, ուկրաինացիների, հայերի, եվրոպացիների ... միջև:
Խոսքը մարդկանց մասին է, այլ ոչ թե գերտերությունների պարզ շահերի, որոնք այնտեղ իրենց հարցերն են լուծում:
Սա 21-րդ դարի պատերազմ է, որը քաղաքակրթություների ավարտին է բնորոշ, երբ եղած գաղափարներից մնացել են ձևերն, առանց իրական բովանդակության ու չկա արդար կողմ, որովհետև արդարության մասին պատկերացումներն են արժեքազրկվել, ուտոպիաներն էլ մնացել են հեռվում: Սա նման է Հռոմեական կայսրության ավարտին, երբ բոլորը բոլորի դեմ էին պատերազմում ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչի համար ու առջևում ինչ է սպասվում:
Ստեփան Դանիելյան