ՀՀ ինքնիշխանության օրինագիծը «տրոյական ձի է», որի մեջ թաքնված են այլ նպատակներ․Հայկ Կոնջորյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդդիմությունն առաջարկում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: Իշխանությունը նախագծում տեսնում է թաքնված նպատակներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ այն կարգավորումը և այն գաղափարը, որն ընդդիմությունն առաջարկում է, ՀՀ օրենսդրությունն այդ հարցն արդեն հասցեագրում է: «Եվ, ըստ էության, այն, ինչ հիմա դուք փորձում եք այստեղ գեներացնել, մաքուր քաղաքական դիսկուրս է: Եվ մենք բազմիցս ականատես ենք եղել նման իրավիճակների: Դուք բերում եք նախագծեր, որոնք ձեր կարծիքով հետևյալ տրամաբանության մեջ են՝ եթե մենք ընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր, եթե չընդունենք, կառաջացնի խնդիր»,-ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընդդիմության բերած որոշ նախագծերը քաղաքական սոփեստության մաքուր օրինակներ են:
Նա շեշտեց՝ երբ ընդդիմությունը բերել է հայտարարության նախագծեր, որը վերաբերում է Հայաստանի անվտանգային համակարգին, Արցախին, և այդ հայտարարության տեքստի մեջ կոնկրետ բաժին հատկացրել են ներքաղաքական դիսկուրս գեներացնելու համար, իշխանությունն ասել է, որ այդ հայտարարությունը «տրոյական ձի է», դրանով լրիվ այլ խնդիր են ուզում լուծել:
«Այս ձեր օրենքի նախագիծն էլ «տրոյական ձի է», որի մեջ թաքնված են լրիվ այլ նպատակներ և լրիվ այլ ենթադրություններ»,-ասաց Կոնջորյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե այդ նախագիծն ընդունվի, ապա ավելի շատ քրեական հետապնդման են ենթարկվելու նախագիծը ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ:
«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին ձեր վարչապետի թեկնածուն էր, որ պատերազմի ժամանակ գեներալներին հրավիրում էր Երևանում գործողություններ անելու: Եվ հիմա դուք եկել եք, զբաղվում եք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությամբ և մեզ մեղադրում եք, թե կարծես մենք չենք պաշտպանում այդ տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ դիմելով ընդդիմադիրներին:
Ապա նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Ըստ Վարդանյանի՝ նախագիծը արտաքին քաղաքական 0 նպատակ ունի: Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակն է ամեն գնով, թեկուզ, պետականության կորստի գնով, հասնել իշխանության: «Սա անթույլատրելի է, սա հակապետական է, սա հակահայկական է»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով նախագծին դեմ քվեարկել:
Tert.am