Հունգարիան չի պաշտպանում ռուսական էներգակիրների մատակարարման սահմանափակումները, քանի որ նման պատժամիջոցները կարող են սպառնալիք ներկայացնել երկրի էներգետիկ անվտանգության համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ գրում է ТАСС-ը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը չի հետևի ԱՄՆ օրինակին՝ Ռուսաստանի հետ էներգակիրների առևտուրն արգելելու հարցում:

Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո Հունգարիայի իշխանությունները չեն արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեծ մասը, սակայն ընդգծել են, որ ոչ միայն զենք չեն մատակարարի Ուկրաինային, այլև ոչ մի պարագայում թույլ չեն տա արևմտյան այլ երկրներին՝ զենք տեղափոխել իրենց տարածքով:

Բուդապեշտը Կիևի հետ հակասություն ունի Ուկրաինայում էթնիկ հունգարացիների իրավունքների հետ կապված:

Կիևն արձագանքել է Հունգարիայի այս դիրքորոշմանը: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց և Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելու Բուդապեշտի դիրքորոշումը մոտ է ռուսամետությանը: Նրա իշխանությունները, հավանաբար, ցանկանում են մարտական գործողությունների ավարտից հետո Ուկրաինայից խլել Անդրկարպատները և էժանագին ռուսական գազ ստանալ»։ Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն