Ռուս–ուկրաինական պատերազմի էպիկենտրոն դարձած Մարիուպոլ քաղաքից վերջին 2 օրերի ընթացքում շատ հայեր կարողացել են դուրս գալ՝ ասում է  Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ  վերջին 10 օրերին շրջափակված քաղաքի հետ կապը գրեթե բացակայում էր։



«Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Մարիուպոլից շարունակում են խաղաղ բնակիչներ դուրս գալ, այդ թվում՝ նաև մեր հայրենակիցներն են դուրս գալիս և տեղափոխվում ավելի անվտանգ շրջաններ։ Մեծ մասը գնում է դեպի Եվրոպա, մի մասն էլ՝ դեպի Հայաստան»,– ասում է հայերի միության փոխնախագահը։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը նախօրեին հայտնել էր, որ մարտի 23-ին հումանիտար միջանցք կգործի Մարիուպոլից խաղաղ բնակչությանը դեպի Զապորոժե տարհանելու համար։ Իսկ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը խափանել է Մարիուպոլ մարդասիրական օգնության տրամադրումը՝ թույլ չտալով, որ փրկարարներն ու բեռները տեղ հասնեն։

• Մարիուպոլի հայերի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվում․ Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ

Կարմիր Խաչը նույնպես հաստատել է, որ հումանիտար բեռներով շարասյունը չի կարողացել Մարիուպոլ մտնել։ Ռուսական աղբյուրները գրում են՝ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 22-ի դրությամբ ավելի քան 68 հազար մարդ է տարհանվել Մարիուպոլից, որտեղ մարդասիրական իրավիճակը, ըստ ռուսական աղբյուրների ևս, աղետալի է։ Նույն աղբյուրը նաև հաղորդում է, էր շուրջ 100-150 հազար մարդ դեռ շրջափակված Մարիուպոլում է։

Ուկրաինայում պատերազմի 28–րդ օրը սկսվեց մայրաքաղաք Կիևի հռթիրակոծմամբ։ Տեղի քաղաքային իշխանությունները հայտնում էին, որ վնասվել և հրդեհվել են մի քանի բնակելի շենքեր։ Բացի Կիևից` իրավիճակը շարունակում է լարված մնալ հատկապես Խարկովում և Մարիուպոլում։



«Խարկովի ու Կիևի մասին դրական ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ռմբակոծոթյունները, հրթիռակոծությունները գիշեր-ցերեկ շարունակվում են, և ավելանում են զոհերը։

Իրավիճակը ավելի է վատանում, երեկվանից ավելի վատ է վիճակը Չեռնիգով քաղաքում, այնտեղ չկա լույս, ջուր, գազ ու ջեռուցում, և քաղաքը ակտիվ ռմբակոծվում է, և եթե այսպես շարունակվի, Չեռնիգովը կվերածվի Մարիուպոլի»,– ասում է Դավիթ Մկրտչյանը։

• Տարհանել չեն կարող, օգնել՝ ևս․ ուկրաինական շրջափակված քաղաքներում դեռ շատ հայեր կան

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ մարտի 23-ին խաղաղ բնակիչների տարհանման մարդասիրական 9 միջանցք կգործի։ Ըստ նախագահի գրասենյակի ղեկավարի՝ չորս միջանցք է նախատեսված Կիևի մարզում, երկուական՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, մեկն էլ՝ Զապորոժիեում։



«Կիևից հումանիտար միջանցքի անհրաժեշտություն, որպես այդպիսին, չկա, քանի որ գործում է Կիև-Օդեսա մայրուղին, որտեղով խաղաղ բնակիչները կարող են անվտանգ դուրս գալ։ Զապորոժիեն էլ այս պահին շրջափակված չէ, անցուդարձ կա։ Հումանիտար միջանցքների անհրաժեշտություն կա միայն Կիևի մարզի Իռպեն և Բուչա քաղաքներում, որտեղից խաղաղ բնակիչները դուրս գալ դեռ չեն կարողանում»,– մանրամասնում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ մկրտչյանը։

Ուկրաինական մի քանի այլ  քաղաքներում ևս հումանիտար վիճակն օրհասական է։ Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Խերսոնում «գրեթե վերջացել են» դեղամիջոցներն ու սնունդը, իսկ ռուսական զորքերը հրաժարվում են մարդասիրական միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար։

1 շաբաթից ավելի է հոսանք չկա նաև ուկրաինական Չեռնիգով քաղաքում։ Քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն հայտարարել է, որ մինչև պատերազմը Չեռնիգովում ապրում էր 285 հազար մարդ, նրա խոսքով՝ քաղաքում հիմա մնացել են խնամքի կարիք ունեցող մարդիկ, որոնք գնալու տեղ կամ քաղաքից դուրս գալու հնարավորություն չունեն։ Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ առաջիկա օրերին հայ համայնքը ևս հումանիտար օգնություն կփոխանցի։

• Որտե՞ղ են ապաստանում փախստական դարձած ուկրաինահայերը. նրանց վերաբերյալ թվային տվյալներ դեռ չկան

«Մենք այս ընթացքում շուրջ 15 բեռնատար հումանիտար օգնություն արդեն ուղարկել ենք արևելք, մինչ շաբաթվա վերջ ևս 3-5 ավտոմեքենա հումանիտար օգնություն կուղարկենք Խարկով և Դոնբաս։ Հայ համայնքը շարունակում է ակտիվ աշխատել, մենք պատրաստում են օգնությունը, փոխանցում, իսկ տեղում մեր քաջ հայերը օգնությունը բաժանում են կարիքավորներին»։



Հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝  վերջին օրերին ակտիվ տարհանվում են նաև արևելյան Կրամատորսկ քաղաքի խաղաղ բնակիչները։ Ըստ Դավիթ Մկրտչյանի՝ եթե նախորդ օրերին ռազմական գործողությունները քաղաքից բավական հեռու էին,  ապա վերջին 3-4 օրերին ակտիվ ռմբակոծվում է նաև այս  քաղաքը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն