Հայերն այսօր գերադասում են իրանական ու ռուսական ապրանքներ գնել․ տնտեսագետ
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման հարցում զգուշավորություն կա թե թուրքագետների շրջանում և թե տնտեսագետների։ Մանրակրկիտ հաշվարկներ են անհրաժեշտ, հայ արտադրողների չվնասելու և բանակցություններում թուրքական քողարկված չորս նախապայմանները չընդունելու համար, ասում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Թեև այսօր հայտարարվում է, որ հայ-թուրքական բանակցություններն առանց նախապայմանների են ընթանում, սակայն ակադեմիկոսը շեշտում է կենսական նշանակության հարցերում զիջումների չգնալու մասին։
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման հարցում որևէ նախապայման չկա ի տարբերություն Բաքվի հետ բանակցելու համար Ադրբեջանից ներկայացված հինգ առաջարկներին։ Այս մասին վկայում են թե պաշտոնական Երևանը և թե Անկարան։ Հայտարարությունն սակայն տարակուսանքով են ընդունում շատ փորձագետներ։ Բավական է , որ Հայաստանն անտեսի ադրբեջանական առաջարկները և հայ-թուրքական գործընթաց տեղի չի ունենա համոզված են նրանք։
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ավելի վաղ առաջ քաշված թուրքական երեք նախապայմաններն անպայման կհայտնվեն հայ-թուրքական բանակցությունների սեղանին, ավելին, դրան ավելացել է նաև երրորդը՝
«Այո, բոլորս էլ հասկանում ենք, որ եթե կոմունիկացիաները գործեն, սահմանները բացվեն կնպաստի զարգացմանը և դրան պետք է ձգտել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան դրա համար գին է դնում։ Ինքը միակողմանի փակելով սահմանը ՀՀ հետ, բլոկադայի ենթարկելով՝ փորձում է սահմանը բացելու համար ստանալ մեծ գին։ Թուրքիան ուզում է, որ մենք հրաժարվենք ցեղասպանություն խնդիրը հետապնդելուց, հրաժարվենք Արցախի բնակչության իրավունքները պաշտպանելուց, ընդունենք Կարսի պայմանագիրը, որն անարդարացի է, համաձայնենք Զանգեզուրի միջանցքի հետ։ Եթե մենք այդ հարցերում գնանք զիջումների, որոնք ունեն մեզ համար սկզբունքային կարևոր նշանակություն, ապա կնշանակի մենք մեր ինքնության մի մասից ենք հրաժարվում»։
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ բնակչությունը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
Ինչպե՞ս և ի՞նչ հարցերի հիման վրա է պարզ դարձել, որ հայերը կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, հարցնում են քաղաքական գործիչները։
Ընդդիմությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած հարցման տվյալներ է հրապարակել, որտեղ երևում է, որ հարցմանը մասնակցել է 1512 չափահաս անձ։
Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերից որոշները վերաբերում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի՝ Հայաստանի համար սպառնալիք լինել-չլինելուն։
Ըստ այդմ, հարցվածների միայն 5 տոկոսն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն համարում, հարցվածների 73%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը»։ Իսկ հարցվածների 70%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ երկխոսություն սկսվի՝ Հայաստանի առաջ քաշած նախապայմաններով՝ օրինակ, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտի։
Հարցվածների 44%-ը որևէ պարագայում համաձայն չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ակադեմիկոսը կողմ է սահմանների բացմանը, բայց ոչ ոչ մեր ինքնությունից հրաժարվելու հաշվին։
«Ռուսաստանի ներկայացուցիչը Օվերչուկը հայտարարեց, որ ոչ մի միջանցքի մասին խոսք չկա, կոմունիկացիաների մասին է խոսվում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը համառորեն օգտագործում են կորիդոր բառը։ Ես կարծում եմ, որ դա միտումնավոր են անում։ Ինչու, որովհետև սրանից մի քանի ամիս առաջ թուրքական պետական ռադիոյի և հեռուստատեսության TRT-ն իր կայքի վրա որը անգլերեն է և նախատեսված է արտասահմանի համար քարտեզ էր պտագրել, որտեղ Սյունքի վրա գրված էր Զանգեզուր կորիդոր, այսինքն սա հեռահար ստրատեգիական նպատակն է Թուրքիայի»։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նաև այլ տարբերակ է դիտարկում։ Հնարավոր է, որ Անկարան հայտարարի ու բացի սահմանը Հայաստանի հետ, դրան պետք է պատրաստ լինել, քանի որ Վրաստանում ու Բալկաններում թուրքական ներկայությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի ներկայությունը միայն տնտեսական գորունեություն չի ենթադրում, այդ երկիրը փորձում է քաղաքական ազդեցությունը մեծացնել։ Դրա համար պետք է մանրակրկիտ ու բովանդակային վերլուծական աշխատանք տարվի, թե տնտեսական և թե անվտանգային հարցերում․
«Լինելով ԵԱՏՄ անդամ պետք է կարողանանք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ մեր տնտեսությունը, ներքին շուկան պաշտպանենք, թույլ չտանք, որ թուրքական ապրանքները հոսեն Հայաստան»։
Թուրքագետների վերապահումների ֆոնին, զգուշությամբ են հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման մասին խոսում նաև տնտեսագետները։ Եթե անվտանգության միջոցառումներ չձեռնարկվեն հայկական ապրանքը թուրքականի հետ չի կարող մրցել, դա նույնն է թե գային ու փիսիկին փակեն սենյակում ու ասեն՝ մրցեք, Ռադիոլուրի հետ զրույցում օրերս ասել էր տնտեսագետ Վահրամ Միրաքյանը։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը ևս զգուշավոր է խոսում թուրքական շուկայի՝ Հայաստան մուտք գործելու հարցում։
«Թուրքական ապրանքները մի առավելություն ողջ աշխարհում, դա իրենց գների էժանությունն է։ Թուրքական վտանգն այն է, որ եթե ներժուժի հայկական շուկա, կարող է ճնշել տեղական արտադրողներին։ Հայաստանում երեք կարևոր էներգակիրներ թանկանում են՝ գազ, ջուր և հոսանք, և դա էականորեն ազդելու է ապրանքների գների վրա։ Մենք փոխանակ գնանք այնպիսի քայլերի, որ մեր ապրանքների մրցունակությունը բարձրանա՝ թանկացնում ենք էներգակիրները։
ՀՀ-ում աշխատուժը էդքան էլ էժան չի արդեն, որովհետև թանկացումները իրենց հերթին բերում են եկամուտների նվազման։ Հայաստանի հաջորդ պրոբլեմն այն է, որ փորքր ծավալներով ենք արտադրում»։
Տնտեսագետը չի բացառում, որ թուրքական արտադրանքի Հայաստանի հանրապետություն ներթափանցմանը զուգահեռ նաև Թուրքիայից էժան աշխատուժ բերվի մեր երկիր, իսկ դա լուրջ վտանգ է ՀՀ անվտանգությանը․
«Կսկսեն կապիտալ ու անշարժ գույք ձեռք բերել։ Կարող է անվտանգության հարց առաջանալ՝ պետական կառույցների տեղեկություններին կարող են տիրապետել»։
Եվ որքան թուրական կապիտալը մեծանա, այնքան կմեծանա որոշումների վրա ազդեցությունը զգուշացնում է նաև տնտեսագետը։ Նման բան թույլ չտալու համար ծայրահեղ զգուշություն է պետք ասում է տնտեսագետն ու հուշում, որ եթե Թուրքիան ուզում է տարածաշրջանում ազդեցություն ունենալ, կարող է մեծ արտադրանք մատակակարելով դուրս թողնել տարածաշրջանից Ռուսաստանին ու ռուսական արտադրանքը։
Տնտեսագետը 44-օրյա պատերազմով պայմանավորված թուրքական ապրանքների վրա դրված արգելքի ժամանակահատվածում հաշվարկներ է արել ու պնդում է, որ Իրանի հետ կարող է ապրանքաշրջանառությունը հասնել մինչև մեկ մլրդ դոլարի։
Միայն նախորդ տարի երբ արգելված էր թուրքական ապրանքների մուտքը Հայաստան, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 500 մլն դոլար, մինչդեռ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը մինչ արգելքի սահմանումը կազմել է՝ 260 մլն դոլար։ Բացի դա ըստ Գագիկ Մակարյանի այսօր կարծես Հայաստանում չեն շտապում Թուրքիայի հետ առևտուր անել, թեևարգելքը հանված է։ Հայերն ավելի շատ գերադասում են իրանական ու ռուսական ապրանքներ գնել, ասում է։
hy.armradio.am