ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած մարդասիրական բանաձևը, որում կոչ է արվում դադարեցնել կրակը և տարհանել խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը չի հավաքել 15-ից անհրաժեշտ 9 ձայնը։ Բանաձևի օգտին քվեարկել են Ռուսաստանը և Չինաստանը։ Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները ձեռնպահ են մնացել։

Ռուսական բանաձևի համահեղինակներն են Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Սիրիան։

Բանաձևի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կոչ է անում բանակցային ճանապարհով դադարեցնել կրակը՝ խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու համար։ Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ մարդասիրական անձնակազմի և խոցելի իրավիճակում հայտնվածների՝ կանանց և երեխաների լիարժեք պաշտպանություն։

Բանաձևի նախագիծը ներկայացվել էր մարտի 15-ին, սակայն դրա քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել էր։ Մարտի 17-ին համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Ռուսաստանը ժամանակավորապես հետ է կանչում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի վերաբերյալ իր հումանիտար բանաձևի նախագիծը։ Դիվանագետի խոսքով՝ նման որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Արևմուտքը ստիպում է գործընկերներին չաջակցել ռուսական բանաձևին։

Ավելի վաղ ԱԽ-ում արևմտյան ներկայացուցիչները, մասնավորապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, արդեն հասկացնել էին տվել, որ չեն աջակցելու ռուսական բանաձևին, քանի որ այն «չի մեղադրում Մոսկվային Ուկրաինայում մարդասիրական ճգնաժամ ստեղծելու մեջ և չի անվանում նրան ագրեսոր»։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն