Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Կիևի պատվիրակությունը չի մասնակցի մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք չենք մասնակցում այդ գագաթնաժողովին, այնտեղ ֆիզիկապես չի լինի ուկրաինական պատվիրակություն»,- ասել է նախարարը «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում։ Խոսելով հանդիպման արդյունքներով հնարավոր «բեկման» մասին՝ Կուլեբան խոստովանել է, որ չի ակնկալում «կոշտ» և «արմատական» որոշումներ, սակայն, նրա կարծիքով, «արդյունքն, անկասկած, կլինի ժամանակի ընթացքում»։
Ուկրաինայի ԱԳ նախարարը «հեղափոխական» է անվանել Ուկրաինայի հետ կապված նախաձեռնությունը, սակայն նկատել, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի բոլոր անդամների միջև, որը, ըստ նրա, ներկայում չկա։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում կներկայացվի առաջարկություն դաշինքի խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելու մասին։ Նրա պնդմամբ՝ Կիևն իրավունք ունի դիմելու ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելության կամ այլ պետությունների զորքեր հրավիրելու հարցով։
Shantnews.am