Հայաստանի կառավարությունն այսօր որոշում ընդունեց սուբսիդավորել լաստանավով բեռնափոխադրումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստան-Հայաստան միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։

«Առաջարկում ենք սուբսիդավորել «Փոթի պորտ Կովկաս» լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական երկու անգամ չվացուցակով, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձևի, որը թույլ կտա էապես բարձրացնել պարենային անվտանգությունը և լոգիստիկ հասանելիությունը ՀՀ-ի, էապես կբարձրացնի ՀՀ արդյունաբերության մրցունակությունը և պարենային անվտանգության համար կարեւոր դերակատարություն կունենա», -նախագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա լաստանավային կապ հաստատելու Հայաստանի առաջին փորձը չէ․ նախորդները միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել, հույս հայտնեց, որ ի վերջո կստացվի։

«Առանձնահատկությունն այն է, որ այս պարագայում, իհարկե, լաստանավով ավտոմեքենայով փոխադրման հնարավորություն կա, բայց տվյալ դեպքում մենք շեշտը դնում ենք երկաթուղային փոխադրումների վրա։ Կառավարությունը վեց ամիս ժամկետով սուբսիդավորում կիրականացնի՝ հույս ունենալով, որ այդ համակարգը կսկսի աշխատել, ինքն իր ծախսերը փակել, և այս ժամանակաշրջանը կարևոր է այս որոշումը կայացնելու համար»։

Լաստանավային տարբերակը որպես Լարսին այլընտրանք մշտապես Հայաստանի իշխանությունների տեսադաշտում էին, սակայն լաստանավային հաստատուն կապի իրականացումը կապված էր հիմնականում թանկ արժենալու հետ։

 Հայաստան-Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով ցամաքային կապն ամենակարճ  տարբերակն է ու մատչելին, սակայն այն հաճախակի փակ է լինում եղանակային պայմանների պատճառով։

Թեև կարծիքներ կան, որ մոտ ապագայի համար Լարսին այլընտրանքը գտնվել է՝ հենց նույն ճանապարհի դժվարանցանելի հատվածում շրջանցիկ թունելի, ըստ այդմ դեպի Լարս տանող նոր ճանապարհի կառուցումն է, այդուհանդերձ հայ բեռնափոխադրողները պատերազմական այս օրերին լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը ճիշտ որոշում են համարում։

«Լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը հաճելի անակնկալ է մեզ համար։ Հարցը մշտապես քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի եղել» ,- «Ռադիոլուրին» ասել է գործարար Երվանդ Թարվերդյանը՝ նշելով, որ լաստանավային հաստատուն կապը Հայաստանին անհրաժեշտ է այս դժվարին օրերին։

Ըստ Թարվերդյանի, այսօր, երբ Լարսը հաճախակի փակվում է, դրան գումարած ԱՄՆ–ի և Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ–ի դեմ, որ կարող են ողբերգական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա, կառավարության որոշումը տեղին էր և ժամանակին։

Հայաստանի կառավարությունը որոշել է լաստանավով Հայաստան արտահանման ու ներմուծման դեպքում փոխհատուցել տնտեսվարողների համար լաստանավի ծախսերը 6 ամիս ժամկետով։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն