ԵԱՏՄ ֆինանսական «լեզուն» փոխվում է․ դոլարի փոխարեն առևտուր կանեն ազգային արժույթով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշել է ԵԱՏՄ շրջանակում մաքսային վճարումները փուլ առ փուլ կսկսեն դոլարի փոխարեն արվել ազգային արժույթներով՝ ակնկալելով, որ այդպիսով կթոթափեն պատժամիջոցների ազդեցությունը և դոլարից ռուբլու փոխանակման ժամանակ փողի կորուստը։ Եթե տրամաբանական է, որ ՀՀ-ՌԴ առևտուրը կլինի ռուբլով, ապա դեռ հարց է, թե ԵՏՀ նոր որոշումը կյանքի կոչելու դեպքում ՀՀ-ն ինչ արժույթով կշփվի, օրինակ, Ղազախստանի հետ․ սա, թերևս, կմնա երկրների ընտրությանը։ Ազգային արժույթով վճարելու որոշումը, սակայն, սահմանափակում ունի՝ էներգակիրներին չի վերաբերում։
ԵԱՏՄ երկրները փոխում են միմյանց հետ շփվելու ֆինանսական «լեզուն»․ մաքսային վճարներն աստիճանաբար կսկսեն ազգային արժույթներով կատարվել․ ԵՏՀ նոր որոշումն է։ ԵԱՏՄ հինգ երկրներն ներկայում իրար միջև առևտուր են անում դոլարով, ինչը տնտեսագետները երբեմն անտրամաբանական են համարում։ ԵԱՏՄ-ն, ի վերջո, պետք է ունենա միասնական արժույթ՝ վստահ է«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը․այս ճանապարհով են անցել նաև ԵՄ անդամ երկրները՝ 1970-ականներին, երբ եվրոգոտում եվրոն էր ստեղծվում․
«Մինչ այժմ անտրամաբանական է եղել։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը՝ հատկապես գազի մասով, որ 2014-2015թվականներին, երբ նոր էինք անդամակցում ՄՄ-ին, հետո նաև՝ ԵԱՏՄ-ին, որպեսզի գազը գնվեր ՌԴ-ից ռուբլով։ Հիմա ՌԴ-ն ինքն է դա անում, քանի որ ռուբլին բավական տուժել է այս իրադարձությունների պատճառով, հետագայում նույնպես կանխատեսելի չէ, թե ինչ կարող է լինել։ Բայց եթե ռուսական գազը, նավթը, նիկելն արտահանվում է, տրամաբանական է, որ ռուբլով լինի վճարումը, այս դեպքում ռուսական արժույթն ավելի կշիռ կունենա»։
2021-ին ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրն ավելացել է ավելի քան 35 տոկոսով՝ կազմելով 72․6 մլրդ դոլար։ Առևտուրն առավելապես ՌԴ հետ է՝ հիշեցնում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։
«Հայաստանի ապրանքաշրջանառության 30 տոկոսը ՌԴ-ի հետ է։ 2021թվականին ՌԴ ենք արտահանել 850մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ մոտ 2 մլրդ դոլարի։ Ըստ էության՝ ՀՀ-ի հիմնական գործընկերը ԵԱՏՄ շրջանակում ՌԴ-ն է»։
Ի՞նչ արժույթով առևտուր կանի Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նկատում է՝ այս դեպքում երկրներն իրենք կընտրեն արժույթը։
«Ցանկալի է, եթե դա հայկական կամ բելառուսական արժույթը չէ, լինի ռուսականը։ Այս դեպքում չեմ կարծում, որ մեր տնտեսություններին շատ օգուտ կտանք, եթե ընտրեն ԵԱՏՄ-ից դուրս արժույթ։ Հաստատ դա մեր կամ գոնե ԵԱՏՄ շահերից չի բխի։ Սովորաբար տրամաբանությունն ու մասնագիտական մոտեցումները հուշում են, որ, օրինակ, եթե ՀՀ-ն միրգ է արտահանում Բելառուս, այս դեպքում բելառուսական ընկերությունները պետք է այն գնեն դրամով։ Ներմուծումը, հակառակը, պետք է կատարվի բելառուսական արժույթով»։
Արդեն մի քանի տարի է՝ ԵԱՏՄ շրջանակում քննարկում են միասնական արժույթի անցնելու հարցը՝ որպես ամենահավանական տարբերակ դիտարկելով ռուբլին։ Թեման առկախված է մինչև 2025-ը, բայց ռուս-ուկրաինական լարվածությունը ստիպեց շատ ավելի արագ նոր մեխանիզմ ներդնել, այն է՝ փոխադարձ առևտրում ազգային արժույթով վճարել։ Թաթուլ Մանասերյանն ասում է՝ փոխադարձ հաշվարկ անելիս կարելի է այլ արժույթ էլ կիրառել։
«Նախնական դա կարող է լինել ուղղակի վճարամիջոց, որը չունի թղթադրամի տեսք, այլ ընդունելի է փոխադարձ հաշվարկներում։ ԵՄ-ում, հիշեցնեմ, նման դեր խաղաց էքյուն՝ 1979 թվականին, այսինքն եվրոյի՝ շրջանառության մեջ մտցնելուց առաջ 21 տարի պատրաստվել են դրան՝ ունենալով հաշվարկային միավոր․ ԵՄ երկրները դոլարով չէին անում իրենց առևտուրը։ Նույնը կարող է անել նաև ԵԱՏՄ-ն»։
ԵԱՏՄ շուկայում ցնցումներ սպասում են, կանխատեսումներին արդեն թվային պատկեր են տալիս։ Իսկ հայ տնտեսագետները կարծում են՝ դոլարի փոխարեն ազգային արժույթով վճարելը նպատակահարմար է Հայաստանի համար։ Փորձագիտական դաշտում փորձում են հաշվարկել՝ եթե օրինակ անցյալ տարվա 850 մլն դոլարի առևտուրը ՌԴ-ի հետ արվեր ոչ թե դրամից դոլար, հետո դոլարից ռուբլու փոխակերպելով, այլ միանգամից դրամ-ռուբլով, մոտավորապես 16 մլն դոլար գումար կտնտեսեր Հայաստանում։
hy.armradio.am