Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Առաջնությունը կմեկնարկի մարտի 28-ին, իսկ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին կմասնակցեն 7-ական մարզիկով:
Ազատ ոճի հավաքականի կազմում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):
Ազատ ոճի ըմբիշները Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն արդեն վաղը՝ մարտի 26-ին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում էլ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Առաջնությունը կավարտվի ապրիլի 3-ին:
Shantnews.am