Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կարող է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնել միայն այն դեպքում, եթե նրա դեմ ագրեսիա սկսվի։ Այս մասին գրում է բելառուսական «Բելտա» պետական հրատարակությունը։ 

«Մեզ միայն մի կերպ կարող են ներքաշել պատերազմի մեջ՝ եթե ագրեսիա սկսվի մեր դեմ, եթե սկսեն մեր դեմ կռվել, ուստի ես զգոն եմ»,-ասել է Բելառուսի նախագահը:

Միաժամանակ Լուկաշենկոն հավելել է, որ «հազար անգամ ասել է, որ Ուկրաինայում կռվելու պլաններ չունի»։

Նրա խոսքով, բելառուսները «գենետիկորեն չեն ընդունում պատերազմը», սակայն այժմ «տեղեկատվական պատերազմ» է, և պետք է «լավ արձագանքել», «հանգիստ արձագանքել, բայց չարդարանալ»։

Լուկաշենկոն նաև հավելել է, որ բելառուսական ընդդիմությունն այժմ կամավորական ջոկատներ է ստեղծում Ուկրաինա մեկնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն