Ռուս-ուկրաինական բանակցություններում կա կոնսենսուս բանակցությունների չորս կետի շուրջ. Էրդողան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե զգացողություն ունի, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են կոնսենսուսին՝ բանակցային գործընթացի վեց կետից չորսի հարցում:
«Առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Սկզբում Զելենսկին պնդում էր Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, սակայն ավելի ուշ հայտարարեց այդ ծրագրից հրաժարվելու մասին։
2-րդ կետը վերաբերում է Ուկրաինայում ռուսերենի ընդունմանը որպես պաշտոնական լեզու։ Զելենսկին համաձայնել է նաև այս կետին: Ռուսերեն խոսում են գրեթե ամբողջ Ուկրաինայում, և այս առումով խնդիրներ չկան։
Երրորդ կետը ապառազմականացումն է: Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջական զինաթափման մասին խոսք լինել չի կարող։ Բայց այս հարցում էլ անհասկանալի կողմեր չկան։ Այսինքն՝ Կիևը հայտարարեց, որ կարող է որոշակի զիջումների գնալ նաև այս հարցում։
Բանակցությունների 4-րդ կետը վերաբերում է հավաքական անվտանգությանը. Ուկրաինան այս առումով նույնպես դրական մոտեցում է ցուցաբերել։
Դեռևս կոնսենսուս չկա Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ: Զելենսկին առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասի հարցով:
Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Թուրքիան ի սկզբանե բացահայտ ու հստակ դեմ է արտահայտվել թերակղզու օկուպացմանը։ Ես անձամբ եմ բարձրաձայնել Անկարայի դիրքորոշումն այս հարցում Պուտինի հետ բոլոր զրույցներում»,- նշել է Էրդողանը։
1lurer.am