Պուտինն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին վետերան ճանաչելու մասին օրենք է ստորագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, ինչպես նաև այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, որոնք առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Tert.am