Ցուցիչը մեկն է՝ Ադրբեջանի հետքաշում ելման դիրք եւ անվտանգության երաշխիքների արձանագրում
ՌԴ ՊՆ ինֆորմացիոն «բյուլետենը» ոչ միայն ոգեւորության առարկա չէ, այլ թերեւս նաեւ ցուցիչ չէ: Ցուցիչը մեկն է՝ Ադրբեջանի հետքաշում ելման դիրք եւ անվտանգության երաշխիքների արձանագրում: Իհարկե «ականջ է շոյում» հասցեականությունը, բայց իրավիճակն առնվազն մեզ համար շատ վաղուց է «ականջ շոյելու» աստիճանից դուրս:
ՌԴ «բյուլետենի» առումով ուշադրության է արժանի մի հանգամանք՝ Բաքվի ՊՆ պատասխանը, մասնավորապես Արցախի զինուժի փաստացի լուծարման «պահանջը: ՌԴ ՊՆ «բյուլետենը» գործնականում հասունացրել է այդ «պահանջի» բարձրաձայնումը: Այդ ֆոնին ուշադրության է արժանի Արցախի ԱԽ դիմումը ՌԴ նախագահ Պուտինին՝ Արցախում խաղաղապահ զորակազմի թիվը եւ զինտեխնիկան ավելացնելու խնդրանքով:
Սա «հուսահա՞տ», թե՞ Մոսկվայի հետ այսպես ասած համաձայնեցված դիմում է, որի հիման վրա Ռուսաստանը քննարկում է սկսելու Բաքվի հետ: Չէ՞ որ առանց Բաքվի թեկուզ ֆորմալ համաձայնության, հնարավոր չէ դիտարկել այդ հարցը: Նաեւ թերեւս հասկանալի է, որ այստեղ խնդիրը խաղաղապահների թվաբանությունը չէ, պարզապես այդ թեման արտացոլում է, որ՝ կամ մեկնարկել է, կամ մեկնարկում է ռուս-ադրբեջանական քննարկումների նոր բովանդակություն:
Ինչի՞ն կարող է վերաբերել այն: Ինքս կարող եմ անել միայն ենթադրություն, քանի որ դատողությանս հիմքը բաց լրահոսն է, որը անկասկած չի արտացոլում որեւէ քաղաքական գործընթացի ամբողջություն: Բայց, այդ նոր բովանդակության շուրջ քննարկումները կարող են պայմանավորված լինել թե հայ-թուրքական գործընթացի հանգամանքով, թե Իրանի շուրջ հնարավոր նոր իրավիճակով, թե Ուկրաինայի ուղղությամբ Թուրքիայի աշխուժացմամբ եւ Թուրքիայի հանդեպ ամերիկա-բրիտանական հետաքրքրության բարձրացմամբ, եւ մի շարք այլ հարցեր:
Մեղմ ասած միամտություն է մտածել, թե ԱՄՆ պետքարտուղարը ուկրաինական գերճգնաժամի պայմաններում կարող է Փաշինյանին եւ Ալիեւին զանգահարել Արցախի գազամատակարարման թեմայով: Երբ այդ լուրջ մակարդակով Վաշինգտոնից լինում է զանգ Երեւան եւ Բաքու, դա նշանակում է, որ լուրջ է նաեւ պատճառը: Բայց ինչը կամ ո՞րն է այն: Վաշինգտոնը անկասկած Ռուսաստանին «մաշելու» ռեգիոն դիտարկում է ոչ միայն Ուկրաինան, այլ նաեւ Կովկասը: Ռուսաստանն իր հերթին բնականաբար ձգտելու է դիմադրել:
Սկսում է 44-օրյա պատերազմի հետեւանքով հաստատված ստատուս-քվոյի քաղաքական տրամաբանության փոփոխություն, որը ոչ այնքան «ածանցյալ» է ուկրաինական զարգացումներից կամ դրանց «հետեւանք», որքան պարզապես ավելի լայն ստրատեգիական դիմակայության շղթայի մի օղակ: Եվ հենց սա է, որ այստեղ առաջացնում է ռազմական էսկալացիայի ռիսկեր, իմ գնահատմամբ՝ ոչ լայնամասշտաբ, այլ լոկալ էսկալացիայի ռիսկեր: Որքան Կովկասն է «կախված» Ուկրաինայում տեղի ունեցողից, ոչ պակաս թերեւս Ուկրաինայում տեղի ունեցողն է կախված Կովկասում քաղաքական իրողությունների տրամաբանությունից:
Հակոբ Բադալյան