Ընկերներ ջան, երբ տարածում ենք այն տեղեկությունը, թե Հայաստանի տարածք ցանկացած ներխուժում կարժանանա Իրանի պատասխանին, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ պատասխանը: Իհարկե, հաճելի է լսել, ընթերցել այդպիսի տեղեկություններ, հատկապես երբ ասվում է, որ այդ տեղեկությունը կապված է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Ի դեպ, այդ կապի մասին ինչ որ հավաստի փաստ կա՞, թե՞ ուղղակի ինչ որ ժամանակ ասվել է եւ այդպես տարածվել: 

Հարցն այն է, որ հանրային միտքը դրական, թե բացասական միֆերով է սնուցվում, էական չէ: Երկու տեսակի միֆերն էլ հավասարապես անօգտակար են եւ անգամ վտանգավոր:

Իհարկե Իրանը պաշտոնապես հայտարարել է, թե ռեգիոնում չի հանդուրժի սահմանների փոփոխություն: Նախ, արդեն հանդուրժել է, որովհետեւ սահմանների փոփոխությունը միայն դե յուրե երեւույթ չէ, այլ  ռազմա-քաղաքական առումով՝ նաեւ դե ֆակտո երեւույթ: Իսկ դե ֆակտո ռեգիոնում սահմանների փոփոխություն տեղի է ունեցել ոչ միայն 44-օրյա պատերազմի հետեւանքով, այլ նաեւ դրանից առաջ տարիների ընթացքում, երբ Նախիջեւանը վերածվել է ըստ էության ավելի շատ թուրքական տարածքի: 

Այդ դեպքում ինչու՞ են արվում այդ հայտարարությունները: Բանն այն է, որ քաղաքական հայտարարությունները շատ հաճախ արվում են ոչ հենց բուն թեմայի ուղիղ նշանառությամբ, այլ բազմաթիվ հարակից հարցերի հաշվարկով եւ թիրախավորումով: Դրանից բացի, Իրանի հայտարարությունները վերաբերում են գլխավորապես հենց իրանական սահմաններին, որովհետեւ ռեգիոնալ նոր պատերազմը տարբեր շերտերով սպառնալիք է լինելու նաեւ Իրանի սահմանների համար: Եվ, ի վերջո Իրանի համար, ինչպես իհարկե ցանկացած պետության, խիստ շահեկան է օրինակ գեթ մեկ հայտարարությամբ իր օգտին տրամադրել հայկական հանրության մի զգալի մասին: Եվ իհարկե, պետք է տրամադրվել Իրանի հետ բարեկամության, գործակցության խորացման եւ այլն: 

Բայց, ի սեր Աստծո, պետք չէ կերակրվել միֆերով, թե Իրանը ռազմմական ուժ է գործադրելու Հայաստանի տարածքի հանդեպ որեւէ էական ոտնձգության պարագայում: Ավելին, որեւէ պետության հանդեպ միֆական ընկալումները առաջինը խանգարում են հենց այդ պետության հետ լրջմիտ եւ խորը հարաբերության հաստատման հեռանկարին: Իսկ Իրանն այդ իմաստով մեզ համար չափազանց կարեւոր երկիր է եւ մենք Իրանի հանդեպ միֆական սպասումներ տածելու փոխարեն, կարիք ունենք ձեւավորել Իրանի հետ տնտեսական հարաբերության առավելագույնս ընդգրկուն օրակարգ՝ այդ թվում քաղաքական ռազմավարական նշանակության խոշոր ծրագրերով:

Հակոբ Բադալյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն