Բաքվի ցինիկ և լկտի պատասխանը կարող է նվերի վերածվել մեզ համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․
«Բաքվի ցինիկ և լկտի պատասխանը կարող է նվերի վերածվել մեզ համար
Աշխարհաքաղաքականությունը մի կողմ, առանձին ազգերի, ժողովուրդների մտածողությունն ու հատկանիշները մի կողմ: Ադրբեջանցուն լավ ճանաչողները վստահ էին, որ Իլհամ Ալիևը չի կարող իրեն զսպել, և չի կարող հերթական անգամ չկատարել Անկարայից եկող հրահանգները, և օգտվելով Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններից, չի փորձի բարելավել դիրքերն Արցախում, միաժամանակ շանտաժի ենթարկելով Ռուսաստանին՝ դնելով նոր պահանջներ:
Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց բնորոշ այս գծի պատճառով շատ են տուժել, բայց եղել է, որ նաև շահել են: Տուժել են, երբ հակառակ կողմում միտք է եղել, համախմբված և վճռական գործողություններ, շահել են, երբ հակառակ կողմը ոչինչ չի արել կամ հույսը դրել է միայն այլ ուժերի, բայց ոչ իր վրա:
Այն, որ Արցախում մարտի 8-ից սկսած ադրբեջանցիների գործողություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնհայտ էր: Բաքուն մի կրակոցով ցանկանում է երկու նախաստակ սպանել՝ Արցախը վերջնականապես զրկել հայ բնակչությունից, միաժամանակ դուրս մղել Հարավային Կովկասից Ռուսաստանին: Իհարկե, վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, որ այս գործողություններն ուղղորդվում են Անկարայից, իսկ նրանցն էլ այն կենտրոնից, որն այսօր խնդիր է դրել թուլացնել և խեղդել ռուսաստանյան պետությունը:
Ռուսաստանում այս ամենը հասկացան և հանդես եկան ավելի քան պարզ հայտարարությամբ, որն ուղղված էր և Բաքվին, և Անկարային: Կրեմլից ադրբեջանցիներին և թուրքերին մեսիջ ուղարկեցին. մենք քաջատեղյակ ենք, որ ձեր գործողություններն ուղղված են նախ և առաջ Ռուսաստանի դեմ:
Թուրքիան իր դեմքով խուսափում է Ռուսաստանի դեմ որևէ գործողություն իրականացնելուց, անգամ փորձում է ստանձնել միջնորդի դեր, միաժամանակ Ադրբեջանին որպես գործիք օգտագործում՝ Մոսկվային հարվածելով թիկունքից:
Այս ամենը տեսնում են Մոսկվայում, և Ուկրաինայում պատերազմական գործողության ավարտից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն անպայման պետք է բացատրություններ տան, և ոչ միայն: Ու այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ դրանից ի՞նչ ենք շահելու մենք: Իհարկե, մենք կկարողանանք մեծ օգուտ քաղել, եթե Հայաստանում ունենանք իշխանություն, որը հանդես չի գա վախի դիրքերից, որը կհասկանա և կգիտակցի, թե որն է Հայաստանի իրական շահը, որը չի հրաժարվի Արցախից և նրա անվտանգության երաշխավորությունից, որը խաղաղության դարաշրջան չի բացի մի երկրի հետ, որը չի թաքցնում, որ իր նպատակն Արցախը ոչնչացումն է, վերացումը:
Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ոչ այնքան ուսումնասիրության է արժանի Արցախում կատարվող իրադարձությունների վերավերյալ ՌԴ պաշտպանության նախարարության և արտգործնախարարության հայտարարությունները, որքան դրան հաջորդած ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը:
Ստիպելով Ադրբեջանին անել նման հայտարարություն, Թուրքիան պարզապես այրեց իր հովանավորյալ երկրին: Արդրբեջանը վառվեց:
Միայն այն, որ Ադրբեջանը համարձակվել է նման տոնով պատասխանել, անգամ դասեր տալ Կրեմլին, պաշտոնական Բաքվի համար ծանր, մեղմ ասած, ծանր հետևանքներ են ունենալու, անկախ Արցախի խնդրից և հայ-ռուսաստանյան հարաբերություններից:
Ավելին, Ադրբեջանն իր այս հայտարարությամբ ոչ միայն պատասխանեց, հակադարձեց, դեմ դուրս եկավ Ռուսաստանին, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, կոչ անելով այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը, քանի որ այն այլևս գոյություն չունի:
Դժվար է ասել, թե ինչ հաշվարկներով առաջնորդվեցին Թուրքիան և Ադրբեջանը գնալով այս քայլին, բայց այսքան ցինիկաբար, այսքան լկտիաբար ամբողջ աշխարհի առաջ հայտարարել, որ նպատակը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումն է, իր հայ բնիկ բնակչությամբ, առնվազն արկածախնդրություն էր:
Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մենք Ադրբեջանի հայտարարությունը պետք է բռնեինք և թափահարելով շարժվեինք առաջ: Մենք արդեն այս րոպեից, այս վայրկյանից պետք է Ուկրաինայով ամբողջովին տարված աշխարհին հանգամանորեն բացատրենք, թե որն է Ադրբեջանի նպատակը, օգտագործելով հենց նույն Ադրբեջանի վերոհիշյալ հայտարարությունը:
Ամփոփելով մեկ անգամ ևս ընդգծենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի հանձնարարությամբ ոչ միայն դասեր տվեց, նկատողություն արեց Ռուսաստանին, այլ նաև նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային ասաց՝ իմ նպատակը Արցախի հարցի լուծումը չէր և չէ, այլ Արցախի և այնտեղ ապրող հայ ժողովրդի բնջանջումը, հայկական բոլոր պատմաճարտարապետական կոթողների վերացումը կամ աղվանացումը:
Եթե մենք այս ամենից չօգտվենք, ուրեմն...»։
Hraparak.am