Մեկուսացում չկա, իսկ Պուտինի և Զելենսկու հանդիպումն առայժմ անարդյունավետ կլինի. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել սերբական լրատվամիջոցներին։ Նա ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, համոզված է Լավրովը։ «Նա [Պուտինն] ասաց, որ երբեք չի հրաժարվել նախագահ Զելենսկու հետ հանդիպումներից, միակ բանը, որ նա սկզբունքորեն կարևոր է համարում, այն է, որ այդ հանդիպումները լավ պատրաստված լինեն»։
«Ինչ վերաբերում է մեկուսացմանը, ապա մեկուսացում չկա… Մենք ունենք մեծ թվով գործընկերներ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Ասիայում, ընդհանրապես, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի հարաբերությունները Չինաստանի հետ այժմ լավագույնն են պատմության մեջ։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ակնկալվում է, որ կսկսվեն մարտի 29-ին։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից հետո նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպում հազիվ թե կայանա՝ հավելելով, որ նման հանդիպման կազմակերպման համար դեռևս առաջընթաց չկա։
hy.armradio.am