Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները դեմ առ դեմ կհանդիպեն վաղը. Պեսկով
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները դեմ առ դեմ կհանդիպեն վաղը՝ Թուրքիայում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ քիչ հավանական համարելով հանդիպումն այսօր անցկացնելու Անկարայի հայտարարությունը: Դմիտրի Պեսկովի խոսքով պատվիրակություններն այսօր նոր հասնելու են Թուրքիա: Պատվիրակությունների հանդիպումից հետո Պուտին-Զելենսկի հանդիպում Ստամբուլում չի սպասվում՝ հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման նախապայմաններին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարը: Պուտին-Զելենսկի հանդիպումը անհրաժեշտ կդառնա, երբ բանակցություններում կարևոր հարցերի շուրջ հստակություն ձեռք բերվի՝ սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսատանի արտգործնախարարը. «մեզ պետք է արդյունք՝ հիմնված բանակցությունների վրա, որը հետո կամրագրեն նախագահները»,- հայտարարել է Լավրովը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱԿՎԱԾ Է ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Մոսկվայի կողմից ներկայացված ապառազմականացման, ապազգայանականացման պահանջները անհասկանալի են Ուկրաինայի համար՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին ռուս լրագրողներին տված հարցազրույցում՝ հստակեցնելով, որ Ուկրաինան մտադիր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը այս հարցերը բերի օրակարգ: Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևի և Մոսկվայի բանակցություններում քննարկում են ռուսաց լեզվի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր «չեզոքության» հարցը։ Նախագահի խոսքով՝ բանակցությունների արդյունքներով պետք է ստորագրվի և վավերացվի համաձայնագիր, որի հիման վրա Ուկրաինայում կանցկացվի հանրաքվե Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր փոխզիջումների վերաբերյալ։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԵՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒՆ
Գերմանիան դեմ է Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելուն՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը: «Մենք ռազմական ոլորտում չենք գործելու, նույնիսկ եթե դա անվանենք խաղաղապահ զորքեր»,- շեշտել է Օլաֆ Շոլցը նաև հավելել՝ ոչ թռիչքային գոտի նույնպես չի նախատեսվում ստեղծել: Միաժամանակ կանցլերն ասել է, որ անում է «ամեն ինչ Ուկրաինային օգնելու համար»։ Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանի դեմ «Արևմուտքի հիմնական գործիքը պատժամիջոցներն են»։ Ավելի վաղ Վարշավան հանդես էր եկել Ուկրաինայի արևմտյան շրջաններ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկով։
ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸ ԴԵՄ Է ՌԴ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՌՈՒԲԼԻՈՎ ՎՃԱՐԵԼՈՒՆ
G7 երկրները չեն ընդունում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակը` հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը` իր գործընկերների հետ բանակցություններից հետո: Ռոբերտ Հաբեքի խոսքով՝ G7-ի երկրների նախարարները համաձայնել են, որ վճարման արժույթը փոխելը պայմանագրերի խախտում է: «Մեզ պառակտելու փորձն ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում եք այս մեծ միասնությունից և վճռականությունից, դա չի հաջողվի»,- հավելել է պաշտոնյան։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը, հարցին, թե ինչպես G7-ը կարձագանքի Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր դադարեցմանը, պատասխանել է, որ իրենք պատրաստ են հնարավոր բոլոր սցենարներին:
1lurer.am