Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ ԱԺ. Հրապարակ
Հրապարակ թերթը գրում է. «Հայաստան» դաշինքում այս օրերին քննարկվում է ոչ այնքան մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, արդեն պարզ է, որ մանդատները կվերցնեն, այլ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցը։ Թիմում կարծիքները կիսված են, մի մասը համարում է, որ Քոչարյանը պետք է գնա ԱԺ, նրա ներկայությունը «դուխ» կտա թիմին, իրենց կշիռը կավելանա, կուժեղացնի թիմը, եւ նա կդառնա խորհրդարանի դե ֆակտո առաջին դեմքը։
Մյուս մասը համարում է, որ պետք չէ երկրորդ նախագահին ուղարկել ուսապարկերի միջավայր՝ նստելու նրանց հետ նույն դահլիճում եւ լսելու նրանց անհեթեթություններն ու փաշինյանական հաթաթաները։ Մտածում են՝ ուսապարկերը կարող են վիրավորել նախագահ Քոչարյանին, ասենք՝ անջատել բարձրախոսը, կոպտել, հակընդդեմ ելույթ ունենալ, պիտակավորել, իսկ իրենք չեն կարողանա այդքան իջնել եւ նույն ոճով արձագանքել։
Թիմը քննարկում է նաեւ ԱԺ-ում ընդդիմությանը հասանելիք պաշտոնների հարցը։ Եթե Քոչարյանը գնա խորհրդարան, պարզ է, որ խմբակցության ղեկավարը նա կլինի։ Եթե ոչ, ապա ավելի շատ հակված են Արմեն Գեւորգյանին վստահել այդ պաշտոնը՝ ելնելով նրա կառավարչական ունակություններից։ Իշխան Սաղաթելյանին էլ, հավանաբար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի, կամ հակառակը՝ Արմեն Գեւորգյանին, իսկ Սաղաթելյանին՝ խմբակցության ղեկավարումը։ Հանձնաժողովների նախագահների, տեղակալների մասով դեռ հստակեցում չունեն։
Ի դեպ, ցուցակից ինքնաբացարկ ներկայացնող, հավանաբար, չի լինի՝ բոլորը կգնան ԱԺ»։