«Ռուս-ուկրաինական բանակցությունների ամենաբովանդակային առաջընթացը գրանցվել է այսօր». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 29-ին Ստամբուլում անցկացված Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների ավարտից հետո հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Շեշտելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակամարտության սկզբից ի վեր ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մարտին Թուրքիային հաջողվել էր Անթալիայում կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ այս պահին առաջնահերթ են համարում զինադադարի հաստատումը և քաղաքական լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Նշելով, որ կողմերը որոշ հարցերում փոխզիջման և փոխըմբռնման են հասել՝ Չավուշօղլուն ընդգծել է. «Բանակցությունների մեկնարկից ի վեր ամենաբովանդակային առաջընթացը գրանցվել է այսօր։ Ակնհայտ է, որ ավելի բարդ հարցերն ավելի բարձր մակարդակում են քննարկվելու: Նախատեսվում է, որ հետագա գործընթացում երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն և փոխըմբռնումը կբերեն վերջնական տեսքի: Այնուհետև օրակարգում կլինի երկու երկրների նախագահների հանդիպումը»:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ թուրքական կողմը առանձին հանդիպել է երկու պատվիրակությունների հետ, կողմերի հետ քննարկել է մարդասիրական միջանցքների բացման և օգնության տրամադրման հարցեր:
Ըստ Չավուշօղլուի՝ այսօրվա հանդիպումը կողմերի՝ Թուրքիայի հանդեպ վստահության ցուցիչն է:
Ermenihaber.am