Ուկրաինահայերը Հայաստան գալու համար կարող են ավիատոմսի աջակցություն ստանալ
Ռուս–ուկրաինական պատերազմի 34 օրերի ընթացքում Ուկրաինան լքել է գրեթե 4 միլիոն մարդ։ Մինչև պատերազմը Ուկրաինայի հայ համայնքն աշխարհում մեծությամբ 4–րդն էր, տարբեր տվյալներով այնտեղ ապրում էր շուրջ 500 հազար հայ։ Հայաստանի պետական և տեղի համայնքային կազմակերպությունները հստակ թվային տվյալներ դեռ չունեն, թե քանի հայ է դուրս եկել Ուկրաինայից կամ քանիսն են դեռ մնում երկրում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում աջակցության տարբեր ծրագրեր են քննարկվում։ Կառույցից հայտնում են՝ գրասենյակը պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստան գալ, բայց ֆինանսական խնդիրներ ունեն։
«Մի օրում, մի առավոտ ամեն ինչ փլուզվեց։ Հույս ունեինք, որ շուտ կավարտվի կվերջանա, բայց օր օրի ավելի էր բարդանում իրավիճակը։ Մինչև վերջին պահը չէի ուզում ամուսնուս թողնել ու դուրս գալ, բայց ուրիշ ճար չկար»,– պատմում է Սիրուշ Սայադյանը։
Տիկին Սիրուշը 18 տարի ապրել է Ուկրաինայի Խարկով քաղաքում, հայոց լեզու դասավանդել տեղի հայկական դպրոցում։ Միայն պատերազմի 30-րդ օրն է լսել ամուսնու հորդորներն ու երկու երեխաների հետ դուրս եկել Խարկովից։
«1 ամիս այդ պայթյունների ու ռումբերի տակ էինք, անասելի ծանր էր լրավիճակը»,– զրուցակիցս հուզվում է․ համարյա 3 օր ճանապարհներին անցկացնելուց հետո դեռ չի վերականգնվել։ Դժվարություններով հասել է Լեհաստանի սահման, այնտեղից էլ՝ մայրաքաղաք Վարշավա։
«Խարկովից դուրս եկանք, կողքը Պալտավա քաղաք կա, ամուսինս ուղարկեց այնտեղ, այնտեղ էլ երկար մնալ չէինք կարող, իրավիճակը ծանրանում էր որոշեցինք, որ կգանք Հայաստան։ Պալտավայից գնացքով հասանք Լվով, Լվովում արդեն ավտոբուսները սպասում են, կան անվճար, նաև վճարովի ավտոբուսներ։ Մենք վճարովի ավտոբուսով միանգամից Վարշավա եկանք»,– մանրամասնում է տիկին Սիրուշը։
Ասում է՝ իրենց հաջողվել է լավ պայմաններով ապաստան գտնել, բայց այն, ինչ տեսել է ճանապարհին, փախստականների կացարաններում, դեռ երկար չի մոռանա։ Իր հետ նաև հարևանուհու աղջկան է դուրս բերել Խարկովից։
«Սիրանուշ է անունը, մայրը խնդրել է, վստահել է, որ բերեմ Հայաստան, սիրած տղա ունի Երևանում․ կրակոցներից փախչում է, որ գա հասնի իր սիրած տղային»։
Սիրուշ Սայադյանի ամուսինը Ուկրաինայի քաղաքացի է, հենց այդ պատճառով էլ ընտանիքի հետ Հայաստան վերադառնալ չի կարողացել։ Խարկովում կամավոր աշխատանքով կարիքավորներին է օգնում։ Սիրուշ Սայադյանը պատմում է՝ արդեն Լեհաստանում տեղի հայկական դեսպանատուն է դիմել, ոչինչով չեն օգնել, ինքն էլ Հայաստանում ապրող բարեկամների աջակցությամբ է վերադարձի համար ավիատոմսեր գնել։ Հարցնում եմ, թե ինչ են անելու Հայաստանում, ինչ նպատակներ ունեն։
«Որ օրը, որ ամեն ինչ ավարտվի, հաջորդ օրը վերադառնալու ենք, ամեն ինչ անելու եմ, որ վերադառնամ Խարկով»,– վստահեցնում է զրուցակիցս։
Փետրվարի 24-ից, ըստ Լեհաստասնի կառավարության տվյալների, այդ երկիր է ժամանել է գրեթե երեք միլիոն ուկրաինացի։ ՄԱԿ–ի տվյալներով՝ Ուկրաինան լքածների ընդհանուր թիվն արդեն 4 միլիոնի է հասնում։ Ավելի վաղ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում էր, որ տեղի անհատների և համայնքային կազմակերպությունների հնարավորությունները սպառվում են, քանի որ փախստականների հոսքը մեծ է․ ասում էր՝ կարողանում են միայն խորհրդատվությամբ օգնել։
• Փախստականների թիվն աճում է, նրանց օգնելու հնարավորությունները՝ նվազում․ ԵՄ հայ համայնքներից ահազանգում են
Թե Սայադյանների նման քանի հայ ընտանիք է ցանկանում Ուկրաինայից հեռանալուց հետո Հայաստան վերադառնալ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում առայժմ չգիտեն։ Հորդորում են քաղաքացիներին ԵՄ երկրներից դուրս գալուց հետո կապ հաստատել դեսպանատների հետ։
«Հայաստան վերադառնալ ցանկացող մեր այն հայրենակիցներին, որոնք չունեն ֆինանսական հնարավորություններ, կոչ ենք անում անպայման դիմել տեղի դեսպանատներ և նշել այն կարիքի մասին, որն ունեն։ Այս համատեքստում մեր գրասենյակը դիմել է նաև Կառավարությանը, և եթե կլինեն այդպիսի քաղաքացիներ, նրանք կարող են ակնկալել վերադարձի աջակցություն»,– մանրամասնում է Հովհաննես Ալեքսանյանը։
• Ուկրաինան լքել է 3.6 միլիոն մարդ․ ի՞նչ է առաջարկում Հայաստանը փախստականներին
Եթե Հայաստան վերադառնալ ցանկացողները չունեն ֆինանսական հնարավորորություններ, Հայաստանի կառավարությունը կօգնի ավիատոմսեր ձեռք բերելու հարցում՝ վստահեցնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։ Իսկ Հայաստանում որոշակի աջակցություն ստանալու համար Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները նախ պետք է կարգավիճակի հարց լուծեն՝ մանրամասնում է Ալեքսանյանը։
«Այսինքն՝ եթե մեր հայրենակիցներ ՀՀ–ում չունեն ինչ–որ կարգավիճակ, կամ ունեն ուկրաինական փաստաթղթեր, պետք է դիմեն, օրինակ, Միգրացիայի ծառայություն, հստակեցնեն իրենց կարգավիճակը, որ աջակցությունն ավելի հասցեական լինի»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին մեկ ամսվա ընթացքում հայրենադարձության խնդիրներով 1500 դիմում է ստացել ՝ ասում է Հովհաննես Ալեքսանյանը և շեշտում՝ դրանց մեծ մասը Ռուսաստանից և Ուկրաինայից ստացված դիմումներ են։
«Հիմնական խնդիրները, որոնցով մեզ դիմում են Ուկրաինայից եկածները, վերաբերում են տարհանման հարցերին, վերադարձի աջակցությանը, Հայաստանում օգնություն ստանալու հնարավորություններին, քաղաքացիության, կացության կարգավիճակի ստացմանը, աշխատանքի, կրթության հնարարավորություններին»,– ասում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
• Խարկովի մարզում շրջափակման մեջ հայ ընտանիքներ կան․ դասապրոցեսը Ուկրաինայում վերականգնվում է
Ավելի համապարփակ աջակցության ծրագրեր Ուկրաինայից տեղահանված հայերի համար այս փուլում դեռ չկան՝ ասում է Ալեքսանյանը և բացատրում՝ դժվար է հասցեական աջակցության մասին խոսել, քանի դեռ թվային տվյալներն ամբողջական չեն, իսկ խնդիրներն ուսումնասիրվում են։
hy.armradio.am