Հայաստանում հոսանքի վաճառքի մենաշնորհը հանված է, դաշտը՝ բաց։ 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկ շուկան անցում է կատարել նոր՝ ազատական մոդելի։ Սա ենթադրում է, որ սպառողը կարող է հրաժարվել ՀԷՑ-ի հոսանքից ու այն ստանալ շուկա մտնող նոր մատակարարներից։ Մինչ այժմ ՀԷՑ-ը հոսանք արտադրող բոլոր կայաններից վերցնում էր հոսանքը ու բաշխում սպառողին, այդպիսով նաեւ ձևավորվում էր միջինացված վերջնական սակագինը։ Մինչդեռ ազատականացումից հետո  հաշվարկը  ժամային կտրվածքով է կատարվելու։ 

Ինչո՞ւ  հենց այս փուլում․ պարզվում է՝ վաղուց էր հասունացել ժամանակը՝ ՏԿԵ նախարարությունից այսպես են մեկնաբանում Հայաստանում էներգետիկ դաշտի ազատականացումը։ Այլևս չկա սահմանափակում, որ հոսանքը սպառողը պետք է միայն ՀԷՑ-ից ստանա։ Ազատականացումը ենթադրում է, որ դաշտում հայտնվում են այլ մատակարարներ, ու մրցակցային դաշտ է ստեղծվում։ Սպառողն էլ հանգիստ կարող է ընտրել ամենաէժան մատակարարին, կնքել պայմանագիր ու նրանից ձեռք բերել հոսանքը։ ՏԿԵ էներգետիկայի  վարչության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ընդգծում է՝ սա այս փուլում հատկապես բիզնեսին է  ձեռնտու, ու հաց արտաղրողների օրինակն է բերում։

«Եթե հաց արտադրողի արտադրանքը մի քանի բաղադրիչից է բաղկացած, ալյուրը, ենթադրենք, չի էժանացել, հոսանքն է էժանացել, ինչպե ՞ս, ինքը շուկայում իր համար էժան հոսանք է գտել։ Բոլորը գնալու են նույն  ճանապարհով։ Սա բիզնեսի համար  կարող է լայն հնարավորություններ ստեղծել»։

Մասնագետները բացատրում են՝ հիմա բոլորին էլ հոսանքը նույն միջինացված գնով է վաճառվում։ Ազատականացված շուկայում այպես չի լինի։ Նոր խաղացողները պիտի ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն սպառողին, որպեսզի վերջիններս ուզենան երաշխավորված մատակարարողից (ՀԷՑ) հրաժարվել և ընտրել իրենց: Արդեն 3 կազմակերպություն կամ, ինչպես ասում են, թրեյդեր լիցենզիա է ստացել:

Թրեյդերները մեծածախ առևտրով զբաղվողներն են, որոնք գործ ունեն միայն մեծ տնտեսվարողների հետ,  նաև լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անել:  Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վեց ընկերության եւս արդեն թույլտվություն տրամադրել է։

Լիցենզավորումը հստակ գործընթաց է՝ «Ռադիոլուր»-ի ասում  է հանձնաժողովի անդամ, իրավաբան Սեդա Շահինյանը։



«Կանոնակարգերը ենթադրում են համապատասխան պահանջների պահպանում, այդ թվում՝ համակարգի հուսալիության, անվտանգության առումներով։ Գործընթացը անցնելուց հետո միայն կկարողանան լիցենզավորվել ու գործունեություն  իրականացնել»։   

Հոսանքի նոր մատակարարների հայտնվելը  չի խանգարի, որ  էլեկտրաէներգետիկ շուկայում առաջնային խաղացողը  մնա ՀԷՑ-ը,  որի գործառույթն էլեկտրաէներգիայի տեղափոխումն  է մի կետից մյուսը։ Ցանկացած պահի սպառողը կարող է փոխել իր պայմանագիրն ու հոսանք նորից ստանալ ՀԷՑ-ից, միայն թե այս դեպքում  ավելի բարձր գնով։ Սա ունի իր բացատրությունը՝ ասում է  ՏԿԵ բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։

«Սա նրանով է պայմանավորված, որ  ՀԷՑ-ը ձեզ՝ որպես իր բաժանորդի, չի պլանավորել ու ձեզ համար հավելյալ ռեսուրս է ծախսելու։ Եթե դուք գալիս եք ու մարտին նորից դառնում եք բաժանորդ, ինքը հոսանքն արդեն թանկ գնով է  գնում ու վաճառում»։

Սա մոտավորապես հեռահաղորդակցության ոլորտի նման կլինի՝ բացատրում է ՏԿԵ նախարարությունից Հովհաննես Աբրահամյանն ու շեշտում՝ սպառողի համար, ըստ էության, նշանակություն չունի՝ ով է մատակարարը, կարևորը՝ գինը լինի ցածր, սպասարկումը՝ հուսալի։ 

«Մատակարարը գտնելու է  ձեզ համար x գնով  հոսանք, հաշվարկելու  է իր ծախսը։ Առաջարկելու է գին, օրինակ՝ 42 դրամ։ Ենթադրենք՝  այսօր հոսանքը  գնում եք  42․5 դրամով։ Հաշվարկում եք, տեսնում, որ բավականին խնայում եք։ Կնքում եք պայմանագիր, ու մատակարարը հոսանքը ձեզ տրամադրում է այդ գնով»։



Ինչպե՞ս ու որտե՞ղ փնտրել  մատակարարին։ Նրանց անուններն արդեն հայտնի են, բայց դեռ որևէ քաղաքացի կամ տնտեսվարող չի դարձել որևէ մեկի բաժանորդ: Մասնագետները նրանց ու նրանց առաջարկած պայմանների մասին տեղեկացնելը նախ բիզնեսին են թողնում, որ փնտրի ու կգտնի իր սպառողին։  Հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանն ինքն էլ, որպես սպառող, մտածում է՝ կփոխարինի՞ ՀԷՑ-ի հետ պայմանագիրն այլ մատակարարի պայմանագրով։

Կախված է առաջարկներից՝ ասում է։

«Քանի որ դա մրցակցային գործունեություն է, կարծում եմ, որ մատակարարի կողմից շահավետ, նաև՝ իմ  էներգամատակարարման առումով հուսալի պայմաններ առաջարկելու դեպքում կմտածեմ ՀԷՑ-ին՝ որպես երաշխավորված մատակարար փոխելու ուղղությամբ։ Այդ առաջարկը պետք է բխի մատակարարներից, քանի որ իրենք են նոր մրցակցային խաղացողները, որոնք պետք է առավել ձեռնտու ու շահեկան պայմաններ առաջարկեն սպառողներին»։

 ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Աբրահամյանը նկատում է՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ եւ մատակարարմամբ ներդրողները հետաքրքրված են․ ներդրումների վերադարձն այս դաշտում երաշխավորված են համարում։ Սպառողները դեռ սպասում են նոր առաջարկներին։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն