Ուկրաինացի դիվանագետը խոսել է ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
ՄԱԿ-ում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը դեպի այն դիրքեր, որոնք ունեցել է փետրվարի 23-ի դրությամբ, այսինքն՝ նախքան հատուկ ռազմական գործողության մեկնարկը։
Նա նաեւ հորդորել է Արեւմուտքին շարունակել սանկցիաներ կիրառել Ռուսաստանի դեմ եւ օգնել Ուկրաինային զենք զինամթերքով։ Կիսլիցան ասել է, որ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը կարող է առաջ գնալ բանակցություններում, սակայն այնուհանդերձ դեռ երկար ճանապարհ պետք է անցնել մինչեւ կայուն հրադադարն ու համապարփակ դե-էսկալացիան։ Ուկրաինացի դիվանագետը նաեւ ասել է, որ խորհրդակցությունները շարունակվելու են, որոնց նպատակն է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի դրույթների համաձայնեցումն ու պատրաստումը։
Կիսլիցան նաեւ ասել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են նաեւ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, զորքերի դուրս բերման, անվտանգ եւ մշտական հիմքով գործող հումանիտար միջանցքների բացման եւ այլ հարցեր, այդ թվում նաեւ՝ զոհերի դիակների փոխանակության, գերիների եւ պահվող անձանց փոխանակման հետ կապված հարցեր։
Hraparak.am