ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիրը,

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մրցաշարի տեխնիկական, ինֆորմացիոն և մարկետինգային հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկվել են մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման և հեռարձակման հետ կապված հարցեր: Նշվել է՝ Կարապի լճի հարակից տարածքում ստեղծվելու է ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան:

Քննարկմանը տեսակապով մասնակցել են նաև բռնցքամարտի Եվրոպայի և միջազգային ֆեդերացիաների՝ մարկետինգի և մրցումների անցկացման բաժինների ներկայացուցիչները: Նրանք խոստացել են մշտական կապի մեջ լինել երևանյան մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների հետ ու քննարկել հուզող հարցերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդգծել են՝ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր նաև խորհրդակցություն է տեղի ունեցել՝ կապված Եվրոպայի առաջնության անցկացման հետ: Միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են առաջնության անցկացման ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները:

Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությունը բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ երեկ նաև այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ ըստ ժամանակացույցի:

Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն