Ինչպիսի՞ ատոմակայան կունենա Հայաստանը․ հայ մասնագետները հակված չեն նոր տեսակի կայան ունենալուն
Ապրիլին 85 օրով Մեծամորի ատոմակայանն կդադարեցնի աշխատանքը։ 2021–ին ՀԱԷԿ–ը նախատեսված 141 օրվա փոխարեն կանգնել էր 166 օր՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ու հավելել, որ հավանաբար հաջորդ տարի շահագործման ժամկետի երկարաձգման առնչվող աշխատանքները կավարտվեն։ Դրանից հետո միայն ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի նախատեսված ժամկետով՝ տարեկան 48–50 օր։
Անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։ Փոխնախարարի խոսքով՝ կառուցվել է նոր սերնդի՝ Ֆոկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակի ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ–ի պահանջներին։
Վարդանյանի խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցման խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն ձևավորված է։ Առաջիկայում տեղի կունենա առաջին քննարկում–հանդիպումը Երևանում։ Փոխնախարարն ասում է, որ այս փուլում աշխատանքային խմբին երկկողմանի պահանջներ պետք է ներկայացվեն՝ հասկանալու համար, թե ինչպիսին է լինելու նոր ատոմակայանը։ Քննարկման օրակարգում բոլոր՝ այդ թվում նաև մոդուլային ատոմակայաններ ունենալու հարցերն են։ Սակայն, Հակոբ Վարդանյանի խոսքով, հայ մասնագետները հակված չեն նոր տեսակի կայան տեղակայել Հայաստանում։
ՏԿԵ փոխնախարարը համոզված է, որ այս տարին նախորդի նման համակարգի համար նույնքան ծանր չի լինի։ Անդրադառնալով Հրազդանի ՋԷԿ–ի հինգերրոդ բլոկի վերագործարկման աշխատանքներին՝ փոխնախարարը նշել է, որ այն, ըստ պարտավորությունների, պետք է պատրաստ լինի նոյեմբերին։ Արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 10 տարի շուրջ 10 մլն դոլար վճարելը լավագույն լուծումն էր հարցին՝ փոխնախարարը պատասխանել է․«Կառավարությունն ամեն ինչ արել է, որ ունենա լավագույն առաջարկը գազի գնի հետ փոխկապված տարբերակում։ Քանի որ այդ լուծումը գտնվել է, կարծում եմ՝ ավելի լավ տարբերակ հնարավոր չէր գտնել»։
Նախորդ տարեվերջին Հայաստանի կառավարությունը որոշել էր տարեկան 31,8 մլն դոլար վճարել «Գազպրոմ Արմենիային» Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար։ Սա, ըստ գործադիրի, հնարավորություն կտա տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։
hy.armradio.am