Ապրիլի 1-ից ուժի մեջ են  գազի նոր սակագները։ Բնակիչ-բաժանորդների համար այն բարձրանում է միջինում 4․7 դրամով։ Հիմք ընդունելով գազի սպառման միջին վիճակագրական ցուցանիշը՝ քաղաքացու գրպանին գազի գինը կավելացնի մոտ 470 դրամի ծախս։ Մինչ այդ հունվարից  գրեթե նույնքան էլ ավելի վճարվում է օգտագործած ջրի ու ամսական միջինում մոտ 700 դրամ էլ՝  սպառած հոսանքի դիմաց։

Տարբեր հաշվարկներով՝ գազի սակագնի բարձրացումը մոտ 1 տոկոս գնաճի պատճառ է  դառնալու, իսկ միջին վիճակագական ընտանիքի ամսական բեռը սակագների բարձրացումից ավելանալու է մոտ 1500 դրամով։

Ոչ թե գազի գինն է բարձրանում, այլ ճշգրտվում է մատակարարվող գազի կալորիականությունը․ ՀԾԿՀ-ն ու կառավարությունն այսպես են բացատրում այսօրվանից ուժի մեջ մտած գազի գնի փոփոխությունը։ Հենց այս ճշգրտման արդյունքում է  միջինում 4․7 դրամով բարձրանում գազի գինը։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հստակեցնում է՝ սոցիալապես անապահով սպառողների համար գազի սակագինը կմնա նույնը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառելու դեպքում 1 խորանարդ մետրը կարժենա 100 դրամ։ Իսկ ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող ընկերությունների համար կգործի տարբերակված սակագին՝ նոյեմբերի 1-ից մինչև  մարտի 31-ը և դրանից հետո։

«1000 խմ-ի համար սահմանել 233․9 դոլարին համարժեք դոլար՝ գործող 224  դոլարի փոխարեն, մնացած սպառողներին՝ նաև ՋԷԿ-երին՝  մինչև 10 հազար խորանարդ մետր սպառելու դեպքում սակագինը սահմանել 143 700 դրամ՝  գործող 139 հազար դրամի փոխարեն, դրանից ավելի դեպքում՝ 265․81 դոլար՝ 259․1  դոլարի փոխարեն»։

Աշոտ Ոիլխանյանը հստակեցնու մ է՝ սպառողների այս խմբի համար չնայած բանաձևը  արտարժույթով է հաշվարկված, սակայն վճարումը կատարվելու է դրամով։ Որքանո՞վ գազի թանկացումը կծանրանա միջին վիճակագրական  բնակիչ-բաժանորդի գրպանին՝ հանձնաժողովում հաշվարկ ունեն։

«Թանկացումը բնակիչ -բաժանորդների համար ամսական կտրվածքով լրացուցիչ  470 դրամ է կազմելու։ Իհարկե, ամռանն ավելի քիչ, ձմռանը՝ ավելի շատ, բայց մոտավորապես այդքան»։

10 տարի Հայաստանում սահմանին գազի գինը կմնա նույնը՝ խոստանում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Նույն խոստումը կառավարությունում հնչել էր նաև նախորդ դեկտեմբերին, երբ գործադիրը որոշեց «Գազպրոմ Արմենիային» տարեկան մոտ 10  մլն դոլար վճարել՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար՝ պայմանով, որ գազի գինը չբարձրանա։ Արդյո՞ք սա ամենաօպտիմալ լուծումը՝  «Ռադիոլուր»-ի այս  հարցին  ՏԿԵՆ տեղակալ Հակոբ Վարդանյանն արձագանքում է՝

«Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի ունենա գազի գնի հետ փոխկապված լավագույն առաջարկը։ Եթե ընդունվեց այս որոշումը, ապա ավելի տարբերակ հնարավոր չէր համաձայնեցնել»։

Բացի այդ՝ փոխնախարարը բացատրում է՝  սահմանին գազի գինը փաստացի մնում է անփոփոխ, սակայն քանի որ սպառողը ներկայում ստանում է պայմանագրով նախատեսվածից բարձր կալորիականությամբ գազ՝ 7900-ի փոխարեն 8500 կիլոկալորիայով, նոր սակագինը հենց  կալորիականության տարբերության դիմաց է բարձրանում։ Այս դեպքում գազի սակագնի վերանայման հայտն արդարացված է՝ ասում է։ 

ՀՀ ներկրվող ռուսական ու իրանական գազի որակի ցուցանիշերը չափվում են «ԳազպրոմԱրմենիա» ընկերության լաբորատորիայում, Հրազդան ՋԷԿ-ում, «Արարատ Ցեմենտ» ընկերությունում, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ում։ Թե «ԳազպրոմԱրմենիա» ընկերության գլխավոր ճարտարագետը, և թե փոխնախարար Վարդանյանը վստահեցնում են՝ կալորիականության շեղումներ գրեթե չեն լինում, եթե լինում են, ապա աննշան։

Հայաստանին տրամադրվող գազի գին սահմանելիս կալորիականության հաշվարկ արվել է մինչև 2013 թվականը։ 2014 թվականից արդեն, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այն չի կիրառվել։

«Դա էլ որոշակի ժամկետ ունի, անընդհատ հնարավոր չի պայմանավորվել։ Գազի համար կալորինականություն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Մենք կալորիականությունը կիրառում ենք նաև իրանական գազի համար։ «ԳազՊրոմ» ընկերությունը, բացի Հայաստանից, մյուս երկրներին գազը վաճառում է կալորիականության հաշվարկով»։

Ապրիլի 1-ից արդեն ռուսական «ԳազՊրոմ» ընկերությունը գազն աշխարհին վաճառում է ոչ թե դոլարով, այլ ռուբլով։ Սա՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից բերումով ԱՄն ու արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո։ Մինչ Արեւմուտքը տարակուսած է ու մտահոգված, Վատիկանն առաջինն է արձագանքել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի որոշմանը՝ պատրաստ է։ Սա առաջին դրական արձագանքն է Եվրոպայից։

ԵԱՏՄ հինգ երկրներն այսօր իրար հետ առևտուր են անում դոլարով, ինչը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն  անտրամաբանական է համարում։ Հիշեցնում է արդեն մոտ 10 տարի է հնչող առաջարկը՝ գազի դիմաց վճարել ռուբլով, որպեսզի դրամից դոլար, դոլարից ռուբլի փոխարկումներում գումար է կորչում։

«2014 թվականին, երբ ՀՀ-ն նոր էր անդամակցում ԵԱՏՄ–ին, շեշտում էինք, որ հատկապես գազը ռուբլիով գնվեր։ Այժմ ՌԴ-ն ինքն է դա անում, քանի որ ռուբլու փոխարժեքն այս իրադարձությունների պատճառով բավականին տուժել է»։

«Սպառողների խորհրդատվություն» ՀԿ  նախագահ Կարեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ գազի սակագնի փոփոխությունն անպայման ազդելու է քաղաքացու «գրպանի» վրա, նախ ուղիղ կերպով, քանի որ մարդը սպառած գազի դիմաց ավելի է վճարելու, ապա եւ անուղղակի, քանի որ գազով կազմակերպվող արտադրությունների արտադրանքը կթանկանա։ 

«Նման հստակ հաշվարկ որևէ մեկը չի կարող անել, թե վերջնական ինչպիսի ազդեցություն կունենա։ Այստեղ միայն գազի խնդիրը չէ։ Գազի թանկացմանը զուգահեռ այլ խնդիրներ նույնպես առաջանում են։ Եթե սովորական սպառողի համար մոտ 5 դրամ է բարձրանում, տնտեսվարողների համար՝ ավելի շատ»։ 

«Գազը հանքային ռեսուրս է, այն անընդհատ թանկանալու է, ունենալու է վայրիվերումներ, պետք է սովորենք ապրել թանկ գազի պայմաններում։ Տնտեսությունը պետք է վերափոխենք»։

Մինչ այս՝ հունվարի 1-ից արդեն ջուրն էր թանկացել, 180 դրամի փոխարեն վճարում ենք  200 դրամ։ ՀԾԿՀ–ում հաշվարկել են, որ ջրի համար ընտանիքը հավելյալ մոտ 400 դրամ է վճարում։ Փետրվարի 1-ից էլ բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը 1․5-3,5 դրամով՝ կախված սպառումից։

Ըստ հաշվարկների՝  բնակիչ բաժանորդների համար հոսանքի ամսական ծախսը կավելանա 400-700 դրամով։ Սոցիալապես անապահով խավի համար գազի, ջրի ու հոսանքի գները մնացել են անփոփոխ։ Ամեն դեպքում, ըստ  հաշվարկի, միջին վիճակագրական ընտանիքի ծախսն այց թանկացումներից ավելանում է մոտ 1500 դրամով․ իսկ սրա կողքին գնաճի արագացող տեմպերն են ու ըստ էության չբարձրացող աշխատավարձն ու թոշակը։ 

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն