37 օր ձգվող ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով ուկրաինացի փախստականների թիվը հատել է 4 միլիոնի սահմանը։ ՄԱԿ–ի տվյալներով՝ ավելի քան 2 միլիոն տեղահանված ապաստանել է Լեհաստանում։ Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ այդ երկրում փախստականների թիվն արդեն գերազանցել է մայրաքաղաք Վարշավայի բնակչության թիվը։

«Ռադիոլուրի» զրուցակիցը Ուկրաինայի Խարկով քաղաքի բնակչուհի Արուսյակ Մնացականյանն է։ 22 տարի ապրել է ուկրաինական ամենամեծ քաղաքներից մեկում, մինչև պատերազմը զբաղվել սեփական բիզնեսով։ Պատմում է՝ ռազմական գործողությունների առաջին ժամերին չէին գիտակցում, թե ինչ է կատարվում, հետո արդեն ստիպված էին ընտանիքով հարևան դպրոցի նկուղ տեղափոխվել։

«Ճիշտն ասած՝ այդ 10 օրը մենք դժոխքի միջով ենք անցել, գիշերը բոլորով հավաքվում էինք մի սենյակում, որը պատուհան չուներ, որ եթե մի բան պայթի, գոնե մեզ մի բան չլինի։ Ահավոր էր, գիշեր-ցերեկ կրակոց ու գմփոց։ Մենք երկու օր մնացել ենք դպրոցի նկուղում, կրակոցներ էին հնչում, տներ էին այրվում։ Քաղաքի 70-80 տոկոս շինությունները քանդված էին»,– պատմում է Արուսյակ Մնացականյանը։

Պատերազմի առաջին օրերին խանութներում դեռ սնունդ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ գտնել հնարավոր էր, հետո արդեն խանութներն էլ էին դատարկ՝ պատմում է տիկին Արուսյակը։ 10 օր կրակոցների տակ ապրելուց հետո որոշել են ելքեր գտնել ու Խարկովից դուրս գալ։



«Մենք գնացել ենք մեր գնացքի կայարանը։ Առավոտյան ժամը 10-ին կայարանում ենք եղել, երեկոյան ժամը 12-ին  հազիվ կարողացել ենք գնացք նստել։ Մարդիկ իրար հրելով նստում էին, որ հասցնեն տեղավորվել։  Բոլորը վախեցած էին․․․ 24 ժամ գնացել ենք դեպի արևմտյան Ուկրաինա, հետո արդեն կամավորները մեզ դիմավորեցին, ու երկու օր ինչ–որ եկեղեցում մնալուց հետո տարան Լեհաստանի սահման։ Այնտեղ էլ 9 ժամ ձյան ու անձրևի տակ կանգնել, սպասել ենք։ Արդեն Լեհաստանից էլ ավտոբուսով գնացել ենք Գերմանիա»,– պատմում է Խարկովի բնակչուհին։



Մոր, հարսի, զարմուհիների և աղջկա հետ տիկին Արուսյակն  ի վերջո գերմանական փոխստականների ճամբարներից մեկում է ապաստանել։ Երբ անցել են լեհ-ուկրաինական սահմանը, մտածել են նաև Հայաստան գալու մասին, բայց ուղիղ չվերթերի բացակայությունը հայ ընտանիքին այլ ուղղությամբ է տարել։

«Մինչև հիմա էլ մենք մտածում ենք, որ եթե պատերազմը չվերջանա, երևի վերադառնանք Հայաստան»։

Տիկին Արուսյակը պատմում է՝ Խարկովից իրեն ծանոթ շատ հայ ընտանիքներ էլ հիմա եվրոպական տարբեր երկրներում են։



Դեպի Եվրոպա են տեղափոխվել նաև պատերազմի առաջին օրերին Մոլդովա տեղափոխված ուկրաինահայերը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Մոլդավայում ՀՀ պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը։

«Հիմնականում այստեղ արդեն մնացել են այն հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ Ուկրաինա․ շուրջ 20 նմանատիպ ընտանիք կա։ Շատերը կան, որ նույնիսկ արդեն վերադարձել են»։



Թվային տվյալներ, թե քանի հայ է Ուկրաինայի տարածքից հատել Մոլդովայի սահմանը, տեղի հայկական համայնքում չունեն, բայց նշում են՝ վերջին օրերին մարդկանց հոսքը և զանգերը դադարել են։

Ուկրաինահայերի հոսքը պասիվ է նաև դեպի Սլովակիա։ Այստեղ ամփոփ տվյալներ ունեն՝ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից Սլովակիայի սահմանը հատել է Հայաստանի 294 քաղաքացի, նրանցից 7–ն էլ դիմել են Սլովակիայի կառավարությանը այդ երկրում փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանն ասում է՝ համագործակցում են տեղի կառավարության հետ հայերի փաստաթղթային և մյուս խնդիրներն արագ լուծելու համար։



«Այն մարդիկ, որոնք Ուկրաինայում իրենց գործն ունեն, սեփական տունն ունեն, հիմնականում սպասւոմ են, թե երբ պիտի խաղաղություն լինի, որ վերադառնան Ուկրաինա։ Ովքեր գնացել են Եվրոպա երևի իրենց մեծ մասն էլ կվերադառնան Ուկրաինա։ Այստեղ եկածների մեջ մասը Սլովակիան օգտագործել է որպես տրանզիտ երկիր, կան նաև հայեր, որոնք աշխատանք են գտել և այստեղ ընտանիքներով աշխատում են»,-մանրամասնում է Բագրատ Հակոբյանը։

Բագրատ Հակոբյանն ասում է՝ Սլովակիայում ապաստանած մեր հայրենակիցներին հաղորդել են, որ Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել  Հայաստան վերադառնալ ցանկացողներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում։ Պատվո հյուպատոսի տվյալներով՝ առայժմ ՀՀ մեկ քաղաքացի է նման ցանկություն հայտնել։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն