Հենց ընտրությունների արդյունքները հրապարակեցին, ես կանխատեսեցի, որ շուտով այս խայտառակությունը ներկայացնելու են որպես հաղթանակ: Եվ դա անելու են ոչ թե իշխանական, այլ ավելի շատ ընդդիմադիր կերպարներն ու վերլուծաբանները:

Ցանկության դեպքում կարելի է ձևակերպումներ գտնել և որպես հաղթանակ ներկայացնել նույնիսկ Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային խաղը, որն ավարտվել էր 9-0, մեկնաբանելով, որ Նորվեգիայի հավաքականի նպատակն էր հաղթել 12-0 հաշվով, բայց քանի որ դա նրանց չի հաջողվել, ուրեմն մենք հաղթել ենք: Սիրելի բարեկամներ, սա չափազանցված օրինակ չէ, բացատրեմ, թե ինչու: Երբ որևէ երկրում մեծամասնություն է հավաքում մի ուժ, որը պատերազմ է պարտվել, հազարավոր զոհերի համար է պատասխանատու, հայրենիքի մի մաս է հանձնել, նույնիսկ իր ներկայացրած քարտեզի պարագայում կան օկուպացված տարածքներ, մնացածը էլ չեմ թվարկում, դա պարտություն է, ոչ թե հաղթանակ: Այս կոմբինացիան խաղարկում են, որի սցենարը նախապես գրել էին: Երբ Նիկոլը հայտարարեց, որ իրենց նպատակը սահմանադրական մեծամասնություն ստանալն է, ոչ թե ուղղակի հաղթելը, դա հենց այն դրվագն էր, որը սկիզբ դրեց այսօրվա հասկացությունների փոխակերպման արշավին: Պատերազմի անոնսն էլ տվել է, եթե այն լինի, մեղավոր են կարգելու մեզ բոլորիս, որ իրենց չենք ընտրել, և իրենք սահմանադրական մեծամասնություն չեն հավաքել:

Ժողովուրդ, իրոք չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվում: Չե՞ք տեսնում, թե ինչ են անում օրը ցերեկով: Չե՞ք նկատում, թե ովքեր են լծվել այդ գործին: Հիմա գնալով ավելի շատ են մեզ սկսելու համոզել, որ հաղթել են, երևի հասկացաք, թե ինչու: Հարցը միայն մանդատներ վերցնելը չի, դա ընդամենը տեխնիկական հարց է: Զգուշացեք բոլոր նրանցից, ովքեր այս խայտառակությունը ձեզ փորձում են մատուցել որպես հաղթանակ:

Վերջում հիշողության թարմացում անեմ: Հիշու՞մ եք 44-օրյա աղետալի պատերազմը: Հիշու՞մ եք, որ այնտեղ էլ էիք «հաղթում»... Մի՞ թե դա ձեզ դաս չեղավ: Արծրունը եզակի կերպար չի, արծրունները շատ են, և այսօր ձեզ հաղթական «կտեր» են տալիս: Մի կերեք այդ «կտերը», դա վատ հետևանքներ է ունենալու:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ